Հարկային քաղաքականության փոփոխություններ 4 հիմնական ուղղություններով

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթով հարկային քաղաքականության փոփոխություններ է առաջարկվում 4 հիմնական ուղղություններով: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նոյեմբերի 15-ին գումարված ԱԺ հերթական նիստի ժամանակ:

Փոխնախարարը, թվարկելով հիմնական ուղղություները, մանրամասնել է, որ առաջինը շենքերի, շինությունների, այդ թվում՝ անավարտ, կիսակառույց հողամասերի օտարման գործարքների մասով ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի հարկման բազաների նվազագույն մեծությունների որոշման կանոնների վերանայումն է: Հաջորդ ուղղությունը ենթադրում է հավասար պայմանների ձեւավորում ռեզիդենտ կազմակերպությունների եւ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների միջեւ բոլոր այն գործարքների համատեքստում, երբ կազմակերպությունները ձեռք են բերում բաժնեմաս, իսկ որոշ ժամանակ անց՝ այն օտարում: Երրորդ ուղղությունը ենթադրում է վարկի եւ լիզինգի գործիքների միջեւ կրկին հավասար պայմանների ապահովվում այն տրամաբանությամբ, որ երբ որեւէ ֆիզիկական անձին պատկանող գույքը լիզինգային ընկերությունը ձեռք է բերում, այնուհետեւ լիզինգով տրամադրում այլ ֆիզիկական անձի, ապա լիզինգային ընկերությունները՝ որպես հարկային գործակալ, եկամտային հարկ չեն վճարում: Վերջին փոփոխությունը ենթադրում է լիզինգային ընկերությունների համար արտոնությունների շրջանակի կրճատում, այլ ընկերությունների հետ համեմատությամբ հավասար պայմաններ ապահովելու տրամաբանությամբ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է որ վերապահումով է տրվել դրական եզրակացություն: Ըստ նրա՝ կրկին քննարկելու անհրաժեշտություն ունի բանկերի կողմից առաջարկված լուծումը՝ կապված նոր կադաստրային արժեքների հետ: Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ բանկերն այդ խնդիրը նկատել են ամիսներ առաջ, իսկ այժմ զգալիորեն աճել են շուկայական արժեքները: «Այն դեպքերը, երբ քաղաքացիները բողոքում էին, որ նոր մոտարկված կադաստրային արժեքները շատ ավելի բարձր են իրենց գույքերի իրական շուկայական արժեքներից, կարծում ենք, որ այլեւս ակտուալ չեն»,- նշել է նա:

Spread the love