ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հանձնաժողովի, ինչպես նաեւ ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի անդամներ Լենա Նազարյանը, Սարգիս Խանդանյանը հանդիպել են Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի հետ:
Կողմերն ընդգծել են օրենսդիր մարմինների եւ, հատկապես, համանուն հանձնաժողովների միջեւ համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Էդուարդ Աղաջանյանը եւ Նիկոլոզ Սամխարաձեն ստորագրել են Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ համագործակցության հուշագիր:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներին:
Հանդիպումից հետո արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Էդուարդ Աղաջանյանի գնահատմամբ` Վրաստանի հետ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի, որն արձանագրված է ՀՀ կառավարության 2021-2022 թթ. գործողությունների ծրագրում: «Վստահ եմ, որ ստորագրված հուշագիրը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը»,- կարծիք է հայտնել ԱԺ հանձնաժողովի նախագահը:
Խոսելով տարածաշրջանի խնդիրներից` պատգամավորը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանի անվտանգությամբ: Այս համատեքստում Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նոր փուլի անցումն այդ անվտանգության երաշխիքն է: «Վրացի գործընկերները հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամություն են հայտնել»,- ասել է հայ օրենսդիրը:
Նիկոլոզ Սամխարաձեն հուշագրի ստորագրումը կարեւոր որոշում է համարել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի նշվում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:Նշվել է, որ հուշագրի շրջանակում հանձնաժողովները համատեղ հանդիպումներ կանցկացնեն, կիրականացվի փորձի փոխանակում: