Ադրբեջանը դարձել է շիա մահմեդական մեծամասնություն ունեցող առաջին պետությունը, որը խորհրդարանի հավանության արժանացումից հետո դեսպանություն կբացի Իսրայելում, գրում է The Jerusalem Post-ը։
«Նոր դեսպանությունը, որի շինարարությունը սկսվել է անցյալ ամիս, կգործի Թել Ավիվում, որտեղ արդեն կա երկրի զբոսաշրջության եւ առեւտրային ներկայացուցչության գրասենյակ։ Իսրայելը եւ Ադրբեջանը արդեն 30 տարի պահպանում են հարաբերությունները, իսկ 1993 թվականից Բաքվում է գտնվում Իսրայելի դեսպանությունը։
Վարչապետ Յաիր Լապիդը բարձր է գնահատել այդ որոշումը՝ Ադրբեջանին անվանելով «կարեւոր գործընկեր Իսրայելի համար եւ մահմեդական աշխարհի ամենամեծ հրեական համայնքներից մեկի տուն»:
«Դեսպանություն բացելու որոշումը արտացոլում է երկրների միջեւ հարաբերությունների խորությունը»,- հավելել է Լապիդը։ «Այս քայլը մահմեդական աշխարհի հետ կայուն դիվանագիտական կամուրջներ կառուցելու Իսրայելի կառավարության ջանքերի արդյունքն է»:
Բաքվի որոշումը կայացվել է Թեհրանի հետ հարաբերություններում լարվածության ֆոնին։
Ադրբեջան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի անդամ, պատգամավոր Արզու Նագիեւը Իսրայելում դեսպանության բացումը կապել է Իրանի հետ, այն բանից հետո, երբ վերջինս հյուպատոսություն էր բացել (Կապանում) եւ հայտարարել Հայաստանի հետ սերտ կապերի մասին
Իրանում, որտեղ ապրում է մեծաթիվ ադրբեջանական փոքրամասնությունը, պետական հեռուստատեսությունը հեռարձակել էր Իսրայելին ու Ադրբեջանին ուղղված սպառնալիքներով երգ՝ «Իսրայել… սեփական ձեռքով մի փորիր քո գերեզմանը… Իրանը հայտարարում է դրա մասին, որպեսզի Ադրբեջանը իմանա եւ հասկանա.. յուրաքանչյուչը, ով սխալ է նայում Իրանին, պետք է ոչնչացվի»։
Իրանն ու Ադրբեջանը 420 մղոն երկարությամբ ընդհանուր սահման ունեն, եւ արդեն վաղուց են լուրեր են պտտվում, որ Իսրայելը ադրբեջանական տարածքից գաղտնի գործողություններ է սկսել Իրանում: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Իսրայելին մեղադրել է «Ադրբեջանի մի քանի շրջաններում իր ներկայությունը հաստատելու մեջ», ինչը Բաքուն հերքել է։
Նախագահ Իսահակ Հերցոգը այս տարվա սկզբին նամակ էր գրել Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ եւ Ալիեւին հրավիրել էր այցելել Իսրայել եւ դեսպանություն բացել:
Նախկինում Ադրբեջանը դեսպանատուն բացելու հարցում վճռական չէր, մասամբ այն պատճառով, որ չէր ցանկանում վանել մահմեդական մեծամասնություն ունեցող այլ պետություններին կամ սադրել Իրանին, սակայն «Աբրահամի համաձայնագրերը» եւ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունների ջերմացումը, որում դեր է ունեցել Ալիեւը, հեշտացրել են Հարավային Կովկասի երկրի համար խնդիրը։
։