Զասը հեռանում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը անցնում է Ղազախստանի ներկայացուցչին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասին 2023 թվականից կփոխարինի Ռուսաստանում Ղազախստանի նախկին դեսպան Իմանգալի Տասմագամբետովը՝ երեք տարի ժամկետով։ Այս մասին այսօր Երևանում անցկացվող ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շնորհակալություն հայտնելով Ստանիսլավ Զասին կատարած աշխատանքի համար։

«Ստանիսլավ Զասն ավարտում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եռամյա գործունեությունը, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքի համար»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` Տասմագամբետովը ՌԴ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան է եղել 2017-2019 թվականներին։ Ներկայում նա ռուսական ավտոմոբիլային կորպորացիայի «ԿամԱԶ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ է: Մինչ այդ տարբեր տարիներին զբաղեցրել է Ղազախստանի վարչապետի, Աստանայի և Ալմաթիի քաղաքապետների պաշտոնները։

Ստանիսլավ Զասը ներկայացնում էր Բելառուսը:

Spread the love