Հանրապետության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները պայմանավորված են սպասարկման արդյունավետության ու որակի բարձրացմամբ, համայնքների կողմից ներհամայնքային երթուղային ցանցի կազմակերպման նոր լուծումների կիրառմամբ: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը` նոյեմբերի 24-ի ՀՀ ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջարկվում է գործող ընթացակարգերին զուգահեռ սահմանել ներհամայնքային երթուղիների սպասարկման կազմակերպման նոր ընթացակարգ, որը հնարավորություն կտա ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպություններին ընտրել ոչ միայն մրցույթով, այլ նաեւ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան գնման ընթացակարգով: Համայնքին մատուցվելու է սահմանված գնման գործընթացով նախատեսված պահանջներին համապատասխանող եւ պահանջված քանակի ավտոբուսներով սպասարկման ծառայություն, որի վճարումը կատարվելու է տվյալ երթուղու յուրաքանչյուր կիլոմետրի սպասարկման համար:Առաջարկվող կարգավորմամբ ուղեւորների վճարված փոխադրավարձն ամբողջությամբ վճարվելու է համայնքի բյուջե, եւ փոխադրող կազմակերպությունը համայնքից ստանալու է իր ծառայության ֆիքսված գնման գործընթացի շրջանակում սահմանված վճարը` անկախ փոխադրված ուղեւորների քանակից:
Ըստ Արմեն Սիմոնյանի` ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումները գնման գործընթացի միջոցով կազմակերպելու դեպքում համայնքը պայմանագիրն օպերատորի հետ կկնքի 5-10 տարի ժամկետով` հաշվի առնելով տրանսպորտային միջոցների արտադրության տարեթիվը եւ չափորոշիչները:Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է, թե ինչու համայնքների խոշորացման պայմաններում համայնքների կողմից հայտարարված մրցույթները չեն կայանում: Արմեն Սիմոնյանի պարզաբանմամբ` կազմակերպությունները շատ դեպքերում ոչ գրավիչ լինելու պատճառով չեն ներկայացնում հայտեր: Ուստի եւ առաջարկվել է, որ լիազոր մարմնին հնարավորություն ընձեռվի այդ համայնքների մրցույթն անցկացնել միասնական ներմարզային եւ միջմարզային երթուղիների փաթեթի ներքո: