««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հավաստմամբ 2022 թ. հուլիսի 1-ից մեր երկիր այցելող եւ մեկնող զբոսաշրջիկները երբեմն դժվարություններ են ունենում անմաքս առեւտրի խանութներում 300.000 դրամը գերազանցող ապրանքների ձեռք բերման ժամանակ անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու պարտադիր պահանջի ապահովման հետ կապված:

ԱԺ պատգամավորն «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացումով առաջարկում է օրենքի գործողությունը չտարածել «Անմաքս առեւտրի» ընթացակարգով իրականացվող ապրանքների առեւտրի վրա՝ հնարավորություն ընձեռելով ՀՀ այցելող զբոսաշրջիկներին առանց սահմանափակման կատարել նաեւ կանխիկ վճարումներ:

Նշվել է նաեւ, որ նախագիծը բարելավող նշանակություն ունի:

Ըստ Բաբկեն Թունյանի՝ օրենքի նախագիծը քննարկվել է Կառավարության գործընկերների հետ, սակայն որոշ հարցեր ճշգրտման կարիք ունեն, ինչով էլ պայմանավորված՝ առաջարկվել է օրինագծի քննարկումը հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով:

Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 28-ի հերթական նիստում:

Spread the love