ԱԺ մշտական հանձնաժողովը 10-րդ անգամ չի ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր Ղազինյանին

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 2-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: «Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել նիստին:
Հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ «Հայաստան» խմբակցության նմանօրինակ վերաբերմունքը իրավունքի չարաշահում է:
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նկատել է, որ «այսպես կոչված» հոբելյանական՝ տասներորդ ընտրությանը նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանը գոնե պետք է ներկա լիներ:
Անդրանիկ Քոչարյանը հորդորել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ներկայացնել նոր թեկնածուի: Խնդիրն առաջիկայում լուծում կգտնի օրենսդրական ճանապարհով:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները տասներորդ անգամ միաձայն դեմ են քվեարկել Արթուր Ղազինյանի թեկնածությանը:
Դոնթի բանաձեւի համաձայն՝ ընդդիմադիր խմբակցությունը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նոր թեկնածուին:

Spread the love