Հայաստանում գրանցման/հաշվառման կարգի բարեփոխման, դյուրացման, ինչպես նաեւ գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել հասանելի դարձնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքներում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում:
Փոխնախարարի խոսքով՝ նախաձեռնությամբ փոփոխության են ենթարկվել որոշակի նորմեր, որոնք պրակտիկայում կարող էին հանգեցնել հակասությունների եւ տարընթերցումների:
Այսպես, սահմանվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ որպես արդարադատության նախարարության գրասենյակի կարգավիճակը՝ նախատեսելով նաեւ իրավահաջորդության մասին դրույթներ:
Հարակից զեկուցող, պատգամավոր Ալխաս Ղազարյանի խոսքով՝ նախաձեռնությունը միտված է պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը` ծառայությունից օգտվող յուրաքանչյուր անձի համար: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել: Առաջին ընթերցմամբ քննարկված նախագծերի փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: