Բեռնատար փոխադրամիջոցների գերբեռնման տուգանքներն էապես կբարձրանան

Հայաստանի կառավարությունում կարծում են, որ ապրանքների տեղափոխմամբ զբաղվող ընկերությունները եւ իրավաբանական անձինք իրենց տրամադրության տակ գտնվող փոխադրամիջոցների գերբեռնվածության դեպքում պետք է տուգանք վճարեն ավելորդ յուրաքանչյուր տոննայի համար։ Այս մասին Ազգային ժողովում, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 30-ին ասել է հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքի համակարգման գրասենյակի պետի պաշտոնակատար Արմեն Դանիելյանը։

Տուգանքը, նրա խոսքով, կգանձվի միայն որոշակի դեպքերում։ Օրինակ, եթե բեռնատար փոխադրամիջոցները հայտնվեն հանրապետական նշանակության ճանապարհներին կամ մայրուղիներին։ «Այսպիսի տուգանային մեխանիզմ հանրապետությունում արդեն կա եւ հաջողությամբ կիրառվում է։ Բայց վերոնշյալ տուգանքը սահմանվում է առանց կոնկրետ տրանսպորտային միջոցի գերբեռնվածության հաշվառման։ Այսինքն՝ քաշը տեսչական մարմինների աշխատակիցների կողմից հաշվի չի առնվում, եւ կարգախախտը հետագայում կարող է էապես գերազանցել օրենսդրությամբ գործող նշված շեմը՝ միայն միանվագ տուգանք վճարելով»,- պարզաբանել է Դանիելյանը։

Իսկ այժմ առաջարկվում է սահմանել տուգանք յուրաքանչյուր ավելորդ տոննայի համար։ Տուգանքը կլինի բավական մեծ։ Այն կկազմի 200 հազար դրամ յուրաքանչյուր տոննայի համար։ «Այսօրվա դրությամբ այս գումարը վճարվում է՝ առանց հաշվի առնելու թույլ տրված խախտման մակարդակը»,- նշել է կառավարության ներկայացուցիչը։

Օրենսդրության խստացումը, նրա հավաստիացմամբ, թույլ կտա պատշաճ մակարդակի պահել հանրապետական նշանակության ճանապարհների ասֆալտածածկի որակը՝ խուսափելով դրանց արագ մաշվելուց։

Բավական երկար քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունն ստացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Spread the love