Մեր հարևան Ադրբեջանը ոչ միայն շարունակում է իր առավելապաշտական ու ռազմատենչ հռետորաբանությունը, այլև՝ ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Այս մասին դեկտեմբերի 1-ին Լեհաստանի Լոձ քաղաքում ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին իր ելույթի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և հանդես եկել ելույթով:
«Հարգելի գործընկերներ,
Եվրոպական անվտանգության ճարտարապետության համար այս տարին նշանավորվեց հսկայական մարտահրավերներով: Մենք շարունակաբար ականատես էինք լինում մեր հանձնառությունների՝ ներառյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի տասը սկզբունքների ոտնահարմանը: Ցավոք, Հարավային Կովկասն այն տարածաշրջաններից մեկն է, որտեղ մենք առերեսվում ենք ուժի և ուժի սպառնալիքի շարունակական կիրառմանը։ Մեր հարևան Ադրբեջանը ոչ միայն շարունակում է իր առավելապաշտական ու ռազմատենչ հռետորաբանությունը, այլև՝ ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։
Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությանն ամբողջ տարի կազմակերպությունը առաջնորդելու և այս հանդիպումը կազմակերպելու համար։
Այս տարի սեպտեմբերի 13-14-ն Ադրբեջանը սանձազերծեց ոչնչով չհրահրված ագրեսիա՝ գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 140 քառ. կմ: 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր սա երրորդ լայնածավալ հարձակումն էր Հայաստանի դեմ: Այս ագրեսիայի հետևանքով ունեցանք 233 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, հազարավոր ներքին տեղահանված Հայաստանի քաղաքացիներ, թիրախավորվեցին բնակավայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ, պատճառվեցին տնտեսական ու բնապահպանական լուրջ վնասներ։ Պատերազմական հանցագործությունների ամենադաժան դրսևորումները, ներառյալ հայ զինվորական կանանց և տղամարդկանց արտադատական սպանությունները և խոշտանգումները, ադրբեջանական ագրեսիայի բնորոշ հատկանիշներն են:
Ավելին, նույն տարվա ընթացքում՝ մարտ և օգոստոս ամիսներին, Ադրբեջանը շարունակեց իր սադրիչ և ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Եռակողմ հայտարարությունների բացահայտ խախտմամբ՝ Ադրբեջանը փաստացի էթնիկ զտումների ենթարկեց Լեռնային Ղարաբաղի ևս մեկ բնակավայր և փորձեց խոչընդոտել Լաչինի միջանցքի գործունեությանը, որն ավելի քան 120 հազար մարդու համար «կյանքի ճանապարհ» է։
Տիկնայք և պարոնայք,
Ներկա պայմաններում դժվար է խորհել ԵԱՀԿ տարածաշրջանի առանձին հատվածում խաղաղության հասնելու մասին։ Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը դրսևորել է քաղաքական կամք և վճռական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության նոր դարաշրջան բացելու ուղղությամբ։
Չնայած ադրբեջանական կողմի հաճախակի սադրանքներին, մենք չենք դադարեցրել հարաբերությունների կարգավորման, բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանայինանվտանգության վերաբերյալ մեր բանակցությունները։ Թույլ տվեք հստակ արձանագրել, որ Հայաստանը պատրաստ է ձեռնամուխ լինելու հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, երբԱդրբեջանը համաձայնի, որ բոլոր ճանապարհները պետք է լիովին գործեն մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային օրենսդրության ներքո
Մեր պետական սահմանի սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի և, ըստ այդմ, պետք է իրականացվի իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա։ Այս առումով, Պրահայում և Սոչիում այս տարի ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումն իրականացնելու հանձնառությունըկխթանեն այս գործընթացը:
Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը նույնպես պետք է համակողմանիորեն հասցեագրվի։ Այս հարցերը մշտապես եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջնորդվող խաղաղ գործընթացի հիմքում։
Հարգելի՛ գործընկերներ,
Ես կցանկանայի օգտագործել այս հնարավորությունը՝ Հայաստանի երախտագիտությունն ու հետագա աջակցությունը հայտնելու ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի կողմից տեղում իրավիճակը գնահատելու և վերահսկելու նպատակով տեղակայված առաքելություններին։ Ներկա պայմաններում, երբ Ադրբեջանը մտացածին մեղադրանքներով քողարկում է Հայաստանի դեմ ուժի կիրառումը, միջազգային ներկայությունը տեղում և հստակ վերաբերմունքը ագրեսիայի և ագրեսոր պետության նկատմամբ առավել քան երբևէ կարևոր են:
Մենք շարունակում ենք հավատալ, որ ԵԱՀԿ-ն, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրները, ԵԱՀԿ մեխանիզմներն իրենց կուտակած գիտելիքներով և փորձով կարող են և պետք է նպաստեն տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատմանը»։