Նախագծով կներդրվի շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները պայմանավորված են Կառավարության 2021-2026 թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու եւ շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ ներդնելու անհրաժեշտությամբ:

Առաջարկվում է գործող օրենքով ամրագրված Պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը փոխարինել շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման միջոցով կներդրվի «Պաշտպան հայրենյաց» նոր ծրագիր, որի ժամկետը նախատեսվում է 5 տարի:

Դրույթներից մեկով` «Պայմանագրային զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալու, առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվում է պատվովճար 5 միլիոն դրամ: Կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ չափով»:

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ առաջին ընթերցումից հետո օրինագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:

Սուրեն Պապիկյանի հավաստմամբ օրենսդրական նախաձեռնությունը կդառնա հիմք եւ էական նշանակություն կունենա բարեփոխումների իրականացման եւ պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ու կայացման ճանապարհին:

Հարակից ելույթում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը շեշտադրել է օրինագծի կարեւորությունը` բնագավառում խնդիրների լուծման գործում:

Հանձնաժողովականները հիմնականում կողմ են արտահայտվել օրենքի նախագծի ընդունմանը:««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 1-ի նիստում:

Spread the love