Նախագծով նախատեսվում է խմբագրել Հանրապետության պաշտոնաթող նախագահներին եւ վարչապետներին տրամադրվող անձնական ցմահ պետական պահպանության տրամադրման վերաբերյալ գործող դրույթները: Այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում` ներկայացնելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենսդրական փաթեթում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն Ազգային անվտանգության ծառայության մարմիններից առանձնացնել եւ դարձնել առանձին մարմին:
Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ այս դրույթները վերաբերելու են միայն գործող եւ ապագա վարչապետներին ու նախագահներին: Անվտանգության խորհրդի քարտուղարը նաեւ տեղեկացրել է, որ, ըստ դրույթների, պաշտոնաթող նախագահների դեպքում սահմանվում է 7 տարվա, իսկ պաշտոնաթող վարչապետների դեպքում 10 տարվա ժամկետ, որից հետո վերջիններիս համար պետական պահպանություն տրամադրելու հնարավորությունը նախատեսվում է վարչապետի որոշմամբ:
Նա ներկայացրել է նաեւ ԱԺ նախագահին տրամադրվող պետական պահպանության վերաբերյալ դրույթը, որով առաջարկվում է պաշտոնավարման ընթացքում պետական պահպանություն տրամադրել նաեւ նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաեւ նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով նախագահի եւ վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ` նման երաշխիք նախատեսված չէ ԱԺ նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը: Սահմանվում է, որ պետական բյուջեի միջոցների հաշվին, հիշատակված պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքների անդամների համար ապահովվում է գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն ու սպասարկում` այն տարածվում է ԱԺ նախագահի վրա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը հետաքրքրվել է, թե ինչ է անելու ՊՊԾ-ն որպես առանձին կառույց, որն այսօր չի կարողանում անել ԱԱԾ-ի կազմում լինելու հետեւանքով: Նույն հարցը հետաքրքրել է նաեւ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին: Արմեն Գրիգորյանը պատասխանել է. «Անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումներ ենք կատարում, եւ այս փոփոխությունը ոչ թե տեղային է, այլ այդ բարեփոխումների տրամաբանության մեջ է: Կա քաղաքական որոշում, որ ԱԱԾ-ին երեք գլխավոր գործառույթ պետք է թողնվի` հակահետախուզություն, սահմանադրական կարգի պահպանում, ահաբեկչության դեմ պայքար: Երեքն են դրվում ԱԱԾ-ի վրա: Կառավարությունը որոշել է նաեւ արտաքին հետախուզության առանձին մարմին ստեղծել: Նախկինում այս կառույցը գործում էր որպես ԱԱԾ-ի մաս»:Քննարկված օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: