Խորհրդարանում այսօր , ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ: Քննարկումների առանցքում Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում նախատեսվող փոփոխություններն ու լրացումներն էին, որոնք վերաբերում են մեր երկրում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը: Հիշեցնենք, որ օրենսդրական փաթեթը խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ:
Ողջույնի խոսքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նախ անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակմանը եւ ի պատասխան այն տեսակետներին ու քննադատություններին, թե այս իրավիճակում նման հարց է քննարկվում՝ հիշեցրել է, որ լսումների անցկացման օրը որոշվել էր դեռեւս երկու շաբաթ առաջ: Նրա խոսքով Լաչինի միջանցքի հարցն այս պահին խորհրդարանի ուշադրության կենտրոնում է:
Բաբկեն Թունյանի գնահատմամբ նման քննարկումներն ինքնանպատակ չեն. հնչած բոլոր կարծիքներն ու առաջարկները մինչեւ երկրորդ ընթերցում քննարկվելու են:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, մանրամասնելով համակարգի ներդրման նպատակները, նշել է, որ առաջինը ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համակարգի ձեւավորումն ու կայացումն է, ինչը հնարավորություն կտա ավելի ճշգրիտ տեղորոշելու իրականացվող ոլորտային քաղաքականության իրական շահառուներին:
Հաջորդ նպատակը հայտարարագրերի ներկայացման համար սոցիալական շարժառիթներ ստեղծելն է՝ ի դեմս միջազգային պրակտիկայում կիրառվող, այսպես կոչված, սոցիալական ծախսերի կամ սոցիալական կրեդիտների համակարգի ներդրման: Փոխնախարարի խոսքով համակարգի կայացումը նաեւ կարեւոր ներդրում կլինի մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ, քանի որ համակարգը խրախուսելու է կրթական եւ առողջապահական ծառայությունների ձեռքբերումը: Առաջին անգամ այս համակարգի ներդրմամբ փորձ է արվում անհատի, քաղաքացու հարկման մոդելից շատ պահպանողական, բայց միեւնույն ժամանակ ընդգծված քայլերով անցում կատարել ընտանիքի հարկման մոդելին. անձին, եկամտային հարկ վճարողին թույլատրվելու է իր հարկման բազայից նվազեցնել ոչ միայն իր, այլ նաեւ ընտանիքի անդամների համար կատարված սոցիալական, առողջապահական եւ կրթական ծախսերը: Սկզբնական շրջանում Կառավարությունը կսահմանի սոցիալական ծախսերի առանձին ուղղությունները, չափերը, ընտանիքի անդամների շրջանակը եւ ծախսերի փաստաթղթավորման կանոնները, այնուհետեւ որոշակի ժամանակ անց, ունենալով ավելի կայուն կարգավորումներ, դրանք կտեղափոխվեն օրենսգրքի մակարդակ:
Արման Պողոսյանի գնահատմամբ սոցիալական ծախսերի համակարգի ներդրումը կնպաստի նաեւ կրթական, առողջապահական ոլորտներում իրացման շրջանառությունների կամ ծառայությունների մատուցման իրական ծավալների հայտարարագրմանը, քանի որ քաղաքացիները, համապատասխան հաշվարկային փաստաթղթեր պահանջելով, կնպաստեն ոլորտում առկա ստվերային շրջանառությունների կրճատմանը:
Հաջորդ նպատակը, փոխնախարարի ներկայացմամբ, հասարակության շրջանում հարկեր վճարելու մշակույթի ամրապնդումն է: Քաղաքացիները պետք է գիտակցեն, որ իրենք հարկեր են վճարում, մասնակցում հանրային ռեսուրսի ձեւավորմանը եւ պետք է պահանջատեր լինեն այդ հանրային ռեսուրսից բաշխվող հանրային բարիքներին հասցեատեր լինելու առումով: Համակարգի ներդրմամբ կձեւավորվի քաղաքացի-պետություն հարաբերությունների ավելի բարձր մակարդակ:
Համակարգի ներդրման հաջորդ նպատակը հարմարավետ հարկային միջավայրի եւ գործիքակազմի ձեւավորումն է՝ ֆիզիկական անձանց եկամուտների եւ դրանց մասով վճարված հարկերի վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմնի կողմից հաշվառելու, ինչպես նաեւ քաղաքացիների եկամտային հարկի գծով հարկային պարտավորություններն ինքնուրույնաբար կատարելու համար: Ըստ փոխնախարարի՝ գործող կարգավորումներով եղել են եկամտատեսակներ, որոնք ենթակա են հարկման, սակայն, փաստացի, դրանց մասով հարկերն ամբողջ ծավալով չեն կատարվել՝ տարբեր պատճառներով: Արման Պողոսյանի խոսքով քաղաքացիների համար հաճախ գործող համակարգը կիրառման տեսակետից այնքան էլ հարմար չէ:
Համակարգի ներդրումը սահուն ապահովելու համար առաջարկվում է այն իրականացնել երեք հաջորդական տարիների ընթացքում՝ սկսած 2023 թ.: Հայտարարագրման առաջին տարին կլինի 2023 թ., որի համար հայտարարագրեր կներկայացնեն 2024 թ.: 2023 թ. համար հայտարարատուներ են լինելու «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հանրային, պետական ծառայության եւ համայնքային պաշտոններ զբաղեցնողները: Հաջորդ խումբը նոտարներն են՝ անձնական եկամուտների մասով, այնուհետեւ՝ ձեռնարկատիրական միավորների հետ այս կամ այն կերպ կապակցված ֆիզիկական անձինք: Հաջորդ խումբը համալրելու են եկամտային հարկի վերադարձի շահառուները եւ այն անձինք, որոնք Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից եկամուտներ են ստանում: 2024 թ. այս շրջանակը կհամալրեն վարձու աշխատողները եւ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանք կատարող կամ ծառայություններ մատուցող անձինք եւ վերջին տարում՝ մնացյալ ռեզիդենտ քաղաքացիները:
Խոսելով համակարգի ներդրման տեխնիկական կողմի կամ լուծումների մասին՝ փոխնախարարը նշել է, որ հայտարարագրերը նախագծվելու կամ նախալրացվելու են հարկային մարմնի կողմից՝ նախագծման պահի դրությամբ հարկային մարմնին հայտնի տեղեկատվության հիման վրա: Նախատեսվում է, որ հայտարարագրերում ինքնաշխատ եղանակով այս տեղեկատվությունները պետք է լրացվեն, եւ յուրաքանչյուր հայտարարատու ֆիզիկական անձ, իր նույնականացման տվյալներով մուտք գործելով համակարգ, տեսնելու է իր համար այդ պահի դրությամբ առկա տեղեկատվության հիման վրա նախագծված հայտարարագիրը: Դրանում հնարավորություն է տրվելու կատարել լրացումներ, վերանայումներ: Փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության դեպքում քաղաքացին միայն պետք է հաստատի իր համար նախագծված հայտարարագիրը:
Արման Պողոսյանն անդրադարձել է երկու կարեւորագույն հարցի. մեկը վերաբերում է մեր քաղաքացիների՝ արտերկրում կատարվող արտագնա աշխատանքի դիմաց ստացվող եկամուտների հայտարարագրմանը: Քանի որ նախաձեռնությամբ հարկային բեռի որեւէ բարձրացում չի նախատեսվում, այս տրամաբանությամբ չի նախատեսվում նաեւ հարկային բեռի վերանայում արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով: «Առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ տարեկան կտրվածքով մինչեւ 12 մլն դրամ արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով չպահանջվի նաեւ արտերկրում վճարված հարկերի մասին տեղեկանքի ներկայացում»,-հավելել է Արման Պողոսյանը: Ակնկալվում է, որ այս հնարավորությունը կտրվի 5 տարվա հեռանկարով նախատեսվող անցումային ժամանակաշրջանի համար: Նա ընդգծել է, որ դրանից հետո գործնականում ներդրված կլինեն հարկային մարմինների միջեւ տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման համակարգեր. առնվազն ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանակում այսպիսի գործընթաց է ընթանում:
Լսումների մասնակիցներին, մասնավորապես, հետաքրքրել է, թե ինչ սկզբունքով է ընտրվել հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը: Ֆինանսների փոխնախարարի խոսքով հայտարարագրվողների շրջանակը կարող է փոփոխվել առաջարկների շնորհիվ: «Եթե լինեն այնպիսի ծանրակշիռ փաստարկներ, որոնց արդյունքում առաջին փուլի մասնակիցների վերանայման անհրաժեշտություն առաջանա, մենք պատրաստ ենք քննարկել»,- նշել է նա: Խոսելով ձախողման հավանականության մասին՝ Արման Պողոսյանն ընդգծել է, որ ամեն ինչ արվում է դրա հավանականության նվազման, ռիսկերի կառավարման ուղղությամբ: Մասնակիցները բարձրաձայնել են նաեւ հասարակությանը համակարգին պատրաստելու, բավարար չափով իրազեկելու հարցը: Փոխնախարարի հավաստմամբ քաղաքացին այս ռեֆորմին առաջին անգամ առերեսվելու է նվազագույնը մեկ տարի հետո: «Մենք ունենք մեկ ամբողջական տարի, ունենք պատրաստակամություն ինտենսիվ աշխատելու, որպեսզի բարեհաջող սպասարկվի այս համակարգի ներդրումը»,- ավելացրել է Արման Պողոսյանը:
Լսումների մասնակիցներն իրենց ելույթներում ընդհանուր առմամբ կողմ են արտահայտվել համակարգի ներդրմանը: Կարծիք է հնչել, որ այն նպատակահարմար չէ, քանի որ առկա է համահարթ եկամտահարկ, իսկ դրա պարագայում կոնսոլիդացում հնարավոր չէ, ինչի հետեւանքով եկամուտների ավելացում չի լինի: Առաջարկ է հնչել ուսումնասիրել նախագիծն ընդունելու դեպքում մեր երկիրը կդառնա՞ տնտեսական առումով գայթակղիչ, թե՞ հակառակը: Նշվել է, որ օրենսդրական փաթեթը պատշաճ քննարկման փուլ չի անցել: Կարեւորվել է, որ հարկային բարեփոխումներն իրականանան հարկային օրենսգրքի հայեցակարգի սկզբունքներին համապատասխան:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, իր ելույթում շնորհակալություն հայտնելով քննարկմանը մասնակցելու համար, նշել է, որ այն մասնագիտական էր, ինչը շատ կարեւոր է: Նա ընդգծել է, որ ներդրվող բարեփոխումն անհամադրելի է քննարկումների ժամանակահատվածի հետ, եւ այն արտահերթ ռեժիմով քննարկելն ամենացանկալի տարբերակը չէ, սակայն այս համակարգի մասին մշտապես խոսվել է: Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք համակարգը պատրաստ է վերոնշյալ բարեփոխման ներդրմանը՝ Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ այդ հարցն իրենց եւս անհանգստացնում է: Հանձնաժողովի նախագահի տեղակալի խոսքով համակարգը չի աշխատելու օրենքի նախագծի ընդունումից անմիջապես հետո. դեռ աշխատանքներ կան կատարելու: Անդրադառնալով պատասխանատվության մեխանիզմներին՝ Բաբկեն Թունյանը համաձայնել է, որ որոշ կետեր քննարկվելու ենթակա են: Նա նշել է, որ նախազգուշացումների, պատասխանատվության միջոցներն ավելի մեղմացնելուն միտված փոփոխություններին կանդրադառնան առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում: Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով թվայնացման գործընթացին զուգահեռ պետք է զարգանա եկամուտների հայտարարագրման մեխանիզմը: «Այսինքն՝ այն փուլում, երբ եկամուտների հայտարարագրման համակարգը բոլորի համար ներդրված լինի, ենթադրվում է, որ թվայնացման մակարդակը հասած կլինի որոշակի բավարար մակարդակի»,- նշել է նա: Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ առաջին քայլը կատարելուց հետո բոլոր շահագրգիռ կողմերի հետ համակարգը շտկելու են եւ էլ ավելի լավարկելու:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձել է բարձրաձայնված հարցերին, տվել դրանց պատասխաններ: Փոխնախարարի խոսքով բոլոր առաջարկները պատշաճ քննարկվելու են, իսկ մի մասն էլ հաշվի կառնվեն: