Ադրբեջանն այսօր իրականացնում է Արցախի շրջափակում եւ Արցախի հայության բնաջնջման քաղաքականություն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Նրանք այսօր փոխել են իրենք մարտավարությունը, ինչ-որ բնապահպանական ակտիվիստներ են բերել, փորձում են ցույց տալ, թե իբր մարդու իրավունքների իրացմամբ են զբաղված: Բայց Ֆրանսիան այն պետություններից է, որ իրապես գիտակցում է մարդու իրավունքների արժեքը եւ նաեւ պետք է հստակ արձանագրվի, որ ադրբեջանական այս ակցիան որեւէ կապ չունի բնապահպանական ակտիվիստների հետ: Նրանք պետության կողմից ուղարկված, պետական կազմակերպմամբ գործող մարդիկ են՝ նախկին ու ներկա զինվորականներ: Մարդիկ, որոնք ֆինանսավորվում են ուղիղ Ադրբեջանի բյուջեից: Նրանց թվում են «Գորշ գայլերի» անդամներ: Ես շատ լավ հիշում եմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ֆրանսիայի դեսպանն ինձ հետ հանդիպմանն ասաց, որ Ֆրանսիան արգելել է «Գորշ գայլերի» գործունեությունը Ֆրանսիայում որպես տեռորիստական կազմակերպություն: Դրանք այն մարդիկ են, որոնք պատերազմից անմիջապես հետո հենց Ֆրանսիայի տարածքում որսի էին ելել, փորձում էին գտնել հայերի, որ հաշվեհարդար տեսնեն»,-ասաց Թաթոյանը:
Նա հայտարարեց, որ Ադրբեջանի սանձարձակ պահվածքը անպատժելիությամբ ոգեւորված լինելն է, եւ հենց դա պետք է կանխարգելվի:
Նշենք, որ այսօր բողոքի ակցիաներ են անցկացվում ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամ երկրնների դեսպանությունների մոտ: Ակցիաների նպատակն է հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրանքների հասցեական դատապարտմանը, գործնական քայլերի՝ ուղղված Արցախի առաջ ծառացած հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը։
Ակցիայի մասնակիցների ձեռքին կան անգլերենով պաստառներ. «Դադարեցնեք Ադրբեջանի ագրեսիան», «Պաշտպանել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները», «Արցախը ձեր կարիքն ունի, խոսեք հիմա», «Ճանաչեք Արցախը»: