Առաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում կբարձրանա մարզպետների հաշվետվողականությունը

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է Կառավարության ներկայացրած ««Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փաթեթը փոփոխության չի ենթարկվել՝ առաջարկներ չլինելու պատճառով:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնել է, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է տարածքային կառավարման մարմինների` մարզպետարանների աշխատանքի հետ կապված գործառույթները տեղափոխել քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի` նախարարության տիրույթ: Ենթադրվում է, որ այդ նախարարությունը լինելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:

Ակնկալվում է, որ փոփոխությունների ընդունման արդյունքում կբարձրանա մարզպետների հաշվետվողականությունը եւ վերջիններիս աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը:

Հանձնաժողովի արտահերթ նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին:

Spread the love