Նախագծով կհստակեցվի դեղերի իրացման ոլորտում խախտումները բացահայտելու գործընթացը

Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել դեղերի իրացման ոլորտում խախտումները բացահայտելու գործընթացը: Նախագիծը մշակվել է ՀՀ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի եւ Առողջապահության նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքում, որի նպատակն է, դեղերի շրջանառության ոլորտում որոշակի վերահսկողություն իրականացնելով, անօրինական ներկրված, չգրանցված, ժամկետանց, կեղծ դեղերի վաճառքը հնարավորինս կանխելն ու ռիսկերը նվազեցնելը: Այս մասին ասել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ ներկայացնելով ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Գործող օրենքով, ըստ էության, Տեսչական մարմինը պետք է եւ պարտավոր է երեք օր առաջ պատշաճ ծանուցել դեղատանը՝ ստուգումներ իրականացնելու համար: Երեք օր անց՝ ստուգում իրականացնելիս, որեւէ խնդիր չէր հայտնաբերվում: Տեսչական մարմինը ծախսում էր ռեսուրսներ, սակայն արդյունավետությունը բավականին ցածր էր: Նախագծով առաջարկվում է հանել պատշաճ ծանուցման եռօրյա ժամկետը. դեղատունը կհամարվի ծանուցված այն պահից, երբ տեսուչը կներկայացնի ծանուցաթերթը, եւ անկախ տնօրենի ներկայությունից՝ աշխատակիցը կարձանագրի ծանուցված լինելու փաստը, եւ կիրականացվի ստուգում:

Նախագծով նախատեսվում է նաեւ լրացում կատարել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում՝ ամրագրելով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացված հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված դեղերը վերադարձնելու հնարավորություն:

Հարակից զեկուցող, ՀՀ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը կարեւորել է դեղերի ոլորտում վերահսկողության անցկացմանը վերաբերող օրենսդրական փաթեթի ընդունումը: Կառավարության կողմից ներկայացվել են որոշ տեխնիկական առաջարկություններ, որոնք արժանացել են հավանության:

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հավելել է, որ պետք է հստակ մեթոդաբանության հիման վրա կատարվեն ստուգումները: Ըստ հիմնական զեկուցողի՝ կեղծ դեղորայքի հայտնաբերման խնդիր կա. արձանագրվել է երկու դեպք, երբ կեղծ դեղորայքը պատահական հայտնաբերվել է բժշկի կողմից եւ լաբորատոր հետազոտության միջոցով հաստատվել է: «Պետք է քայլեր ձեռնարկել, ներդնել խախտումների բացահայտման օրենսդրական գործուն մեխանիզմներ, որպեսզի նման դեպքեր ՀՀ-ում հնարավորինս չլինեն»,- ասել է նա:

Լրամշակված նախագիծն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 12-ի նիստում ստացել է դրական եզրակացություն:

Spread the love