Առաջարկվում է սահմանել նորահայտ հուշարձանները պետական ցուցակում ընդգրկելու կարգը

Առաջարկվում է սահմանել պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը եւ օգտագործմանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման, նորահայտ հուշարձանները պետական ցուցակում ընդգրկելու կարգը: Նախագծով ամրագրվում է, որ հուշարձան լինելու կամ հուշարձանների պահպանական գոտու տարածքում գտնվելու մասին տեղեկությունն  այսուհետ ներառվելու է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում: Այս նպատակով Կառավարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն, որով փոփոխություններ ու լրացումներ է նախատեսվում կատարել ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին»  եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկել է հունվարի 13-ին կայացած նիստում:

Փաթեթը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝  նշելով, որ երկրում առկա են շուրջ 24.000 տարատեսակ հուշարձաններ: Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նկատել է, որ հավանաբար այդ 24.000-ի ցանկում կարող են ներառված լինել հուշարձաններ, որոնք այժմ գոյություն չունեն, քանդված են: Փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը հաստատել է հնչած տեսակետը: Անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ ոլորտը կանոնակարգող օրենքն անփոփոխ է մնացել դեռեւս 1998 թ.: Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նաեւ ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Սիսակ Գաբրիելյանը: Նախագծի մշակումը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքի որոշ դրույթներում կարգավորում եւ հստակեցումներ կատարելու անհրաժեշտությունից: 

Spread the love