Գործող «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքն առաջարկվում է վերանվանել «Պետական գաղտնիքի մասին»

Առաջարկվում է գործող «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը վերանվանել «Պետական գաղտնիքի մասին»: Այդպիսով օրենքը կարդիականացվի եւ կհամապատասխանեցվի գործող օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին, օրենքից կհանվեն ծառայողական գաղտնիքին վերաբերող կարգավորումները: Արդյունքում` «Գաղտնի դրոշմագիր» ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին, իսկ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կունենան հատուկ կարեւորության «Հույժ գաղտնի» եւ «Գաղտնի» դրոշմագրեր:

Այս մասին ասել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը` խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Պետական գաղտնիքի մասին» եւ կից օրենսդրական փաթեթը:

«Պետական գաղտնիքի մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման նպատակով տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնագրելու, պետական գաղտնիքը պահպանելու, պաշտպանելու, օգտագործելու, գաղտնազերծելու կամ ոչնչացնելու գործընթացների հետ կապված հարաբերությունները, սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հասկացությունը, գաղտնիության աստիճանները, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող հարաբերություններում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց լիազորությունները, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց պարտականությունները, նրանց աշխատանքի համար սահմանված պայմանները եւ սահմանափակումները, ինչպես նաեւ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հարաբերությունները: Նախագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նրա գնահատմամբ առանձնապես տարբերություն չկա գործող օրենքի եւ քննարկվող նախագծի միջեւ, բացի այդ` նախագծի մի շարք դրույթներ խնդրահարույց են:

Եզրափակիչ ելույթներում հիմնական եւ հարակից զեկուցողներն անդրադարձել են պատգամավորի ելույթին` հորդորելով առաջարկներ ներկայացնել:Նախագիծը քննարկվել է ԱԺ հունվարի 16-ի նիստում:

Spread the love