Ամբողջությամբ կկանոնակարգվի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման բնագավառի իրավական դաշտը: Այս մասին նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը` հավելելով, որ օրենսդրական փաթեթը միաժամանակ կնպաստի պատմության եւ մշակույթի հուշարձանների բնագավառում իրականացվող մշակութային գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես նպաստելով համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությանը, ինչպես նաեւ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտում միասնական պետական քաղաքականության մշակմանը:
««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը եւ օգտագործմանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման, նորահայտ հուշարձան պետական ցուցակում ընդգրկելու կարգը:
Փոխնախարարի խոսքով նախագծով ամրագրվում է, որ հուշարձան լինելու կամ հուշարձանների պահպանական գոտու տարածքում գտնվելու մասին տեղեկությունն այսուհետ ներառվելու է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում: Առաջարկվում է նաեւ ներդնել բնագավառում առկա խնդիրների համապարփակ լուծման մեխանիզմներ: Միաժամանակ, պատմամշակութային անշարժ ժառանգության օրենսդրության կատարելագործումը միտված է գործող օրենքը համապատասխանեցնելու բնագավառի միջազգային կոնվենցիաների պահանջներին եւ չափանիշներին:ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը` ընդգծելով, որ պայմանավորվածություն ունեն ընդդիմադիր գործընկերների հետ օրենքի նախագիծը խորքային ուսումնասիրելու եւ մինչեւ երկրորդ ընթերցում` այն էլ ավելի կատարելագործելու: