Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ:
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը խոսել է ավելի քան մեկ ամիս տևող շրջափակման հետևանքների, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելուն ուղղված ձեռնարկվող քայլերի մասին: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ այս համատեքստում շատ կարևոր է ներքին միասնականության պահպանումը՝ այդ գործում ընդգծելով խորհրդարանական ուժերի կողմից այս օրերին իրականացվող միահամուռ աշխատանքը:
Անդրադառնալով վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում Արցախի ներքաղաքական կյանքի վերաբերյալ բուռն քննարկումներին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ զերծ կմնա եղած շահարկումները մեկնաբանելուց, ընդամենը կարող է հստակ ասել, որ Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա ու չի կարելի նման բան թույլ տալ, քանի որ կա հստակ գիտակցում, որ մեր հիմնական օրակարգը ծագած հրատապ խնդիրները հաղթահարելն է ու Արցախն այս իրավիճակից դուրս բերելը: Այդ համատեքստում նա շեշտադրել է, որ միայն շրջափակման հարուցած ճգնաժամի հաղթահարումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ ներքաղաքական հիմնախնդիրների համակարգային լուծման հարցերին:
Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը նաև պատասխանել է պատգամավորներին հուզող հարցերին: