14 զինծառայողի դիերը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած, մեկինը՝ դռան մուտքի մոտ. փրկարար ծառայության գնդապետ

Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի զոհված 14 զինծառայողի դիերը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած, մեկինը՝ դռան մուտքի մոտ: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Հանրային եթերում ասաց ՆԳՆ Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը։

«Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են երկու տեղամասով: Մեկ տեղամասը, որը փլուզվել էր, որովհետեւ մեքենայով փորձել էին փլուզել պատը, եւ մյուս տեղամասը եղել է այն սենյակի մուտքը, որով հնարավոր է եղել անցնել: Հիմնականում այրվել է նախասրահը, որը գնում էր դեպի քնելու վայր, դրա համար փորձել էին մյուս կողմից փլուզել պատը եւ հասնել զինվորներին: Զոհված զինծառայողներից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած վիճակում, ենթադրում եմ, որ իրենք ծխահարված են եղել եւ տեղից վեր չեն կացել, իսկ մեկ հոգի էլ եղել է մուտքի մոտ, փորձել է փրկվել, բայց չի կարողացել: Պատի քանդման հետեւանքով փլուզվել էր տանիքը, եւ հողային շերտերը հանելու ընթացքում արդեն փրկարարները հասկացել են, որ բոլորը այրված են»,- նշեց Սարոյանը:

Ավելի վաղ հայտնի էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը եւս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ  պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։

Հանրությունը վրդովված է նաեւ նրանից, որ պաշտպանության նախարարը այդպես էլ չի այցելել դեպքի վայր:

Շատերը պահանջում են նախարար Սուրեն Պապիկյանի, որպես կատարվածի գլխավոր պատասխանատուի հրաժարականը։

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։

Spread the love