Տարածաշրջանային խաղաղության մասին խոսակցությունների ֆոնին Ադրբեջանը եւ Թուրքիան քարոզչություն են ծավալում Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների մասին։ Հիմա նաեւ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին է միացել «արեւմտյան Ադրբեջան» նախաձեռնությանը։ Հիշեցնենք, որ այդ նախաձեռնությունը Հայաստանի ներկայիս ամբողջ տարածքի հանդեպ է հավակնություններ ներկայացնում։
«Ամբողջ պատմության ընթացքում Ադրբեջանը եւ Թուրքիան միասին պայքարել են արտաքին թշնամիների դեմ»,- ասել է դեսպանը «արեւմտյան Ադրբեջանի համայնքում» անցկացված հանդիպման ժամանակ։
Դեսպանը նշել է, որ «Թուրքիան միշտ օգնել է Ադրբեջանին դժվար ժամանակներում, եւ Ադրբեջանը եւս օգնություն է ցուցաբերել Թուրքիային։ «Հայրենական 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան իր եղբորը քաղաքական եւ բարոյական աջակցություն է ցուցաբերել։ Այս տարածաշրջանում խաղաղության ապահովման համար կարծում ենք, որ Ադրբեջանը, Թուրքիան եւ Հայաստանը պետք է միմյանց հետ քննարկեն առկա հարցերը։ Միայն այսպես կարելի է հասնել խաղաղության»,- ասել է դեսպանը։
Բացի այդ, Ջահիթ Բաղչին նշել է, որ «Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել արեւմտյան Ադրբեջանից բռնահանված ադրբեջանցիների վերաբերյալ փաստերի հետաքննության հարցում»։