Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ալիեւի վարչակազմին։
Ալիեւը փորձել է հավաստիացնել դեսպանին, որ Լեռնային Ղարաբաղի ոչ մի շրջափակում չկա։ «Վերջին ժամանակներս Հայաստանն անհիմն պահանջներ է ներկայացնում Ադրբեջանի տարածքում Լաչին-Խանքենդի ճանապարհի իբր փակման մասին, այդ մեղադրանքները բացարձակ սուտ են եւ անհեթեթ»,-ասել է Ալիեւը՝ հավելելով, որ «վերոհիշյալ ճանապարհով ապահովվում է քաղաքացիական նշանակության բեռների եւ քաղաքացիական անձանց փոխադրումը ռուս խաղաղապահների եւ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի գծով»։ Նրա խոսքով՝ դեկտեմբերի 12-ից «այդ ճանապարհով երկու ուղղություններով էլ ապահովվել է շուրջ 1000 տրանսպորտային միջոցների երթեւեկություն»։
«Ալիեւը նաեւ կարեւորել է ադրբեջանական տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործման դադարեցումը եւ Ադրբեջանի կողմից այդ հանքավայրերի մշտական մոնիթորինգի ապահովումը»,-մեջբերում են ԶԼՄ-ները: