Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում․ Օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվելու է 122-ը։ Նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից։Ըստ այդմ՝առաջարկվում է վերանայել գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը և հանել կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը (բացառելու աշխատանքային պայմանագրի լուծումը տարիքով հիմնավորելու հանգամանքը)։ Միաժամանակ հստակեցվում են կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները․ ի տարբերություն գործող կարգավորումների, որում տրված չէ գործատուին հնարավորություն կենսաթոշակառուներին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով, նախագծով նախատեսվում է գործատուին տալ այդ իրավունքը։աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում (աշխատանքային պայմանագրերի լուծման պարագայում) աշխատանքում մնալու նախապատվության իրավունք է նախատեսվում սահմանել հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամի (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, հարազատ եղբայր, տատ, պապ) համար։ Ընտանիքի անդամների համար ևս սահմանվում են որոշակի պայմաններ՝ նախապատվության իրավունքի համար։աշխատողի հանգստի ապահովման՝ Օրենսգրքով նախատեսված երաշխիքի պահպանման նպատակով՝ նախատեսվում է, որ եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, ապա գործատուն արձակուրդ է տրամադրում առանց աշխատողի դիմումի։ Միաժամանակ առաջարկվում է գործատուի կողմից աշխատողին տուժանք (ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան միջին ամսական աշխատավարձը) վճարելու պահանջ այն դեպքերի համար, երբ գործատուն աշխատողին շուրջ երկուսուկես տարի չի տրամադրում արձակուրդ: