ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, թե աշխատավայրում աղմուկի որ մակարդակն է օգնում աշխատանքի ավելի լավ կազմակերպմանը եւ արդյունավետությանը։ Ինչպես պարզվել է, այս միջավայրը նպաստում է նաեւ կոլեկտիվում հոգեբանական մթնոլորտի ներդաշնակեցմանը, հարթեցնում է կոնֆլիկտները եւ բարձրացնում սթրեսի հանդեպ կայունությունը։
ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, թե աշխատավայրում աղմուկի որ մակարդակն է օգնում աշխատանքի ավելի լավ կազմակերպմանը եւ արդյունավետությանը։ Ինչպես պարզվել է, այս միջավայրը նպաստում է նաեւ կոլեկտիվում հոգեբանական մթնոլորտի ներդաշնակեցմանը, հարթեցնում է կոնֆլիկտները եւ բարձրացնում սթրեսի հանդեպ կայունությունը։
Աշխատանքի արդյունքների մասին մասնագետները պատմել են NPJ Digital Medicine ամսագրում։ Նրանք հույս ունեն, որ այս գիտելիքները շենքերի նախագծողներին կօգնեն առավել հարմարավետ պայմաններ ստեղծել գրասենյակներում եւ արտադրական տարածքներում աշխատողների համար:
Ինչպես հայտնի էր նախորդ ուսումնասիրություններից, աշխատավայրում աղմուկի միջին մակարդակը 50 դեցիբել է։ Նման ձայնային ֆոն ստեղծում է պատուհանից դուրս անձրեւի խշշոցը կամ թռչունների երգը։ Ամերիկացի գիտնականները փորձ են անցկացրել, որպեսզի պարզեն, թե այս միջին ցուցանիշի համեմատ աղմուկի ավելացումն ու նվազեցումն ինչպես կազդի աշխատակիցների վիճակի վրա։
Հետազոտության ընթացքում փորձագետները ներգրավել են տարբեր գրասենյակների ավելի քան 200 աշխատողների՝ սարքերի հետ աշխատանքի ժամանակ աղմուկի մակարդակը գնահատելու եւ միեւնույն ժամանակ առողջության, այդ թվում՝ հոգեբանական, մի շարք ֆիզիոլոգիական ցուցանիշներ վերահսկելու համար:
Այնուհետեւ կիրառվել է մաթեմատիկական մոդելավորում, որը բացահայտել է տարբեր ցուցանիշների միջեւ կապը: Արդյունքները ցույց են տվել, որ միջին մեծությունից աղմուկի մակարդակի եւ՛ բարձրացման, եւ՛ իջեցման դեպքում մարդու վիճակը վատացել է, իսկ առավելագույն հարմարավետ զգացողություն աղմուկի միջին մակարդակն է տվել։
Հեղինակների կարծիքով՝ կայուն, հանգիստ հնչյունները քողարկում են բոլոր տեսակի շեղող գործոնները: Այդ պատճառով մարդկանց համար հաճախ ավելի հեշտ է կենտրոնանալ այգում կամ սրճարանում, որտեղ ֆոնային աղմուկը խլացնում է առանձին ձայներ եւ այլ հնչյուններ, գրում է Planet Today-ը։