ԲԴԽ-ի որոշմամբ՝ 6 դատավորների լիազորությունները դադարեցվել են

Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ լիազորությունները կասեցված 6 դատավորներ այսօրվանից դադարել են պաշտոնավարել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԲԴԽ-ից:

«Նրանք են՝ Արա Կուբանյանը, Գեւորգ Նարինյանը, Բորիս Բախշիյանը, Ալբերտ Պետրոսյանը, Դավիթ Գրիգորյանն ու Արուսյակ Ալեքսանյանը:

Վերը նշված օրենսդրական փոփոխության համաձայն՝ այսուհետ 1 ամսից ավելի լիազորությունները կասեցված դատավորների փոխարեն հնարավոր կլինի կատարել նոր նշանակումներ, ինչը կնպաստի դատարանների գերծանրաբեռնվածության թոթափմանը:

Հավելենք, որ մինչ կատարված փոփոխությունները՝ լիազորությունները կասեցված դատավորների հաստիքները չէին համարվում թափուր եւ նրանց փոխարինելու մեխանիզմներ չկային, ինչը դատարանների գերծանրաբեռնվածության պայմաններում հանգեցնում էր մինչեւ անգամ ճգնաժամային իրավիճակների:

Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղվան Պետրոսյանի լիազորությունները շուրջ 6 տարի է՝ կասեցվել են, եւ ձգձգվող դատական պրոցեսների ընթացքում նրա փոխարեն այլ դատավոր նշանակելու պայմանների հնարավորության բացակայությունը հանգեցրել է մի շարք խնդիրների, այդ թվում՝ տվյալ դատարանի բնականոն աշխատանքի ապահովման դժվարությունների:

Կյանքի կոչված օրենսդրական լուծումները հնարավորություն կտան խուսափելու համանման իրավիճակներից:

Հավելենք, որ վերը նշված օրենսդրական փոփոխությունները քննարկվել եւ մշակվել են դեռեւս 2022 թվականի դեկտեմբերին՝ Դիլիջանում ԲԴԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպված արտագնա աշխատաժողովների ընթացքում՝ ՀՀ-ում գործող ավելի քան 250 դատավորների, օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ»,- նշում է ԲԴԽ-ի հաղորդագրության մեջ:

Spread the love