Արտադպրոցական կրթության ոլորտը տարիներ ի վեր բարձիթողի վիճակում է, եւ շատ անելիքներ ունենք: Փոփոխություններով նախատեսում ենք ներդնել ոլորտում մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` փետրվարի 9-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ արտադպրոցական հաստատությունների ցանցը ձեւավորվել է դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից: Հանրապետությունում ներկայում գործում են երաժշտական արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության 240 դպրոց եւ կենտրոն, որից 50-ը Երեւանում, 190-ը` մարզերում: Գործում է նաեւ 174 սպորտային կազմակերպություն, ոլորտներում շահառու երեխաների թիվը շուրջ 100 հազար է:
Արտադպրոցական ուսումնական հաստատությունները կրթական ծրագրերն իրականացնում են նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլանների հիման վրա, որտեղ ներառվում է անհրաժեշտ բովանդակային տեղեկատվությունը: 5.099 ուսուցիչներ դասավանդում են երաժշտական արվեստի, գեղարվեստի դպրոցներում, ստեղծագործական կենտրոններում, իսկ սպորտային կազմակերպություններում` 2.100-ից ավելի մարզիչ-մանկավարժներ: Նախարարի խոսքով տարիներ ի վեր նրանց վարձատրության չափը չի փոփոխվել, ավելին, քանի որ կազմակերպությունների զգալի մասը համայնքային է, նրանց վարձատրությունը նույն աշխատանքի դիմաց խիստ տարբերվում է համայնքից համայնք, որը ոլորտի քաղաքականության տեսանկյունից եւս մի կարեւորագույն խնդիր է: «Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ոլորտում աշխատող մանկավարժներին ընձեռել հնարավորություն մասնակցելու ատեստավորման, որի արդյունքում էլ կստանան հավելավճար պետական բյուջեից: Պետական բյուջեի միջոցով կխրախուսենք ոլորտի զարգացումը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Որոշումները կայացվել են նախորդ տարվա վերջին եւ հաշվի առնելով հարցի հրատապությունը` զուգահեռաբար ենթաօրենսդրական մակարդակում են կատարվել աշխատանքներ:
Նախատեսվել է, որ փուլային սկզբունքով ատեստավորմանը կկարողանան դիմել երաժշտական արվեստի դպրոցների ուսուցիչները, ինչպես նաեւ մարզիչ-մանկավարժները: Առաջին փուլի մասնակցության համար ընտրվել է մի քանի ուղղություն: Արվեստի ոլորտում` դաշնամուրի, երաժշտության տեսություն առարկայի ուսուցիչներն են: Մարզիչ-մանկավարժների պարագայում` ազատ ոճի եւ հունահռոմեական ըմբշամարտն է, ինչպես նաեւ սամբո եւ ձյուդո մարզաձեւերի մարզիչները: Առաջին փուլով ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կունենա 2352 անձ, որոնք կազմում են շահառուների շուրջ 30 տոկոսը: Հավելավճարի մասով ընտրվել է ֆիքսված հավելավճարների սկզբունքը, որպեսզի պետական քաղաքականությունը խրախուսի համահարթ մոտեցումը:
Ըստ կարգավորումների` համապատասխան` 70 տոկոս եւ ավելի արդյունք ցույց տալու դեպքում կսահմանվի 3 սանդղակ. 70-79 տոկոս արդյունքի պարագայում մանկավարժները կստանան 80.600 դրամ լրավճար (հարկերը հանած` 60.000 դրամ), 80-89 տոկոս արդյունքի պարագայում` 111.500 դրամ լրավճար (հարկերը հանած` 80.000 դրամ), 90-100 տոկոս արդյունքի պարագայում` 138.300 դրամ լրավճար (հարկերը հանած` 100.000 դրամ):
Առաջարկվող փոփոխություններով մի շարք կարեւոր լիազորող նորմեր եւս կներդրվեն, որոնք թույլ կտան կարգավորել ոլորտում բովանդակային չափորոշիչների հարցը, ծրագրի երաշխավորման գործընթացը, ֆինանսավորումը:
Զարուհի Բաթոյանը, նշելով, որ այս հաստատություններում աշխատանքի ընդունելիս մասնագետներին սովորաբար աշխատանքի են ներգրավում քաղաքացիաիրավական պայմանագրերով, հետաքրքրվել է, թե արդյո՞ք լրավճարները վերաբերելու են բոլորին` անկախ պայմանագրի տեսակից: Ժաննա Անդրեասյանի կարծիքով պայմանագրի ձեւաչափը որեւէ խոչընդոտ չի կարող հանդիսանալ:
Սերգեյ Բագրատյանը կարեւորել է երաժշտական գործիքներով, մարզական գույքով ապահովելու, մարզաձեւերի ցանկում ավանդական բռնցքամարտը ներառելու, ինչպես նաեւ սահմանամերձ գյուղերում ուսուցիչների տների վերանորոգման հարցերը` նշելով, որ նշված խնդիրները չկարգավորելու դեպքում շատ դժվար կլինի իրականացնել արտադպրոցական կրթություն: Ժաննա Անդրեասյանն ի պատասխան նշել է, որ երաժշտական գործիքներով հագեցման պետական բյուջեով ծրագիր է գործում, եւ յուրաքանչյուր տարի դպրոցներն ու կենտրոնները համալրվում են կոնկրետ գործիքներով: Անցյալ տարի շուրջ 300 մլն դրամի մարզական գույք է տրամադրվել, իսկ հաջորդ տարի բոլոր մարզաձեւերը հնարավոր կլինի ընդգրկել ատեստավորման ցանկում:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հարակից զեկույցում տեղեկացրել է` սահմանված հավելավճարները կգործեն առնվազն 5 տարի ժամկետով: Կարեւորելով ներկայացված փոփոխությունները` Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ կատարվել է ծավալուն աշխատանք:
Ելույթներում պատգամավորները բարձրացրել են ոլորտի մանկավարժների սոցիալական երաշխիքների ապահովման հարցը, որն օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունի, ինչպես նաեւ ընդգծվել է ոլորտի մասնագետների վերապատրաստման հարցը: Կարեւորելով արտադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների անհրաժեշտությունը` նշվել է, որ նախագիծը եւս մեկ քայլ է համակարգը կարգավորելու ուղղությամբ:
Եզրափակիչ ելույթում Սիսակ Գաբրիելյանն ընդգծել է, որ վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ արտադպրոցական կրթության վերաբերյալ խորհրդարանում տեղի է ունենում քննարկում:
Քվեարկությամբ նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ. այն խորհրդարանը կքննարկի 24-ժամյա ռեժիմով: