«Հայաստան» հիմնադրամը հրատապ հումանիտար աջակցություն է ցուցաբերում Սիրիայի հայ համայնքին

Հաշվի առնելով փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, ինչն ավելի խորացրեց Սիրիայում արդեն տարիներ շարունակվող հումանիտար ճգնաժամը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի Հալեպ քաղաքում գործող 15, ինչպես նաև Դամասկոսի, Լաթաքիայի և Քեսաբի հայ կրթական հաստատություններին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հայաստան» հիմնադրամից:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի՝ «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» կողմից տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլարը կուղղվի այդ կրթական հաստատություններին, որտեղ աշխատող շուրջ 1100 ուսուցիչները և տեխնիկական անձնակազմը կստանան ֆինանսական աջակցություն։ Երկրաշարժից վնասվել են նաև համայնական կրթական և եկեղեցական կառույցներ, այդ թվում նաև Հալեպում գտնվող «Քարէն Եփփէ» ազգային ճեմարանը, «Կիլիկեան» դպրոցը և Ազգային պատսպարանը, ուստի հատկացված ֆինանսական աջակցության մի մասը կուղղվի այդ հաստատությունների վերանորոգմանը։

Այս հրատապ հումանիտար ծրագիրն իրականացվում է Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Սիրիայում գործող եկեղեցական և համայնքային այլ կառույցների ներգրավվածությամբ:

Նշենք, որ սիրիահայությանը նախորդ օժանդակության ծրագիրն իրականացվել էր 2020 թվականին, երբ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված Սիրիայում էլ ավելի բարդացավ   առողջապահական և սոցիալ-տնտեսական իրավիճակը: Հիմնադրամը 70 հազար ԱՄՆ դոլար տրամադրեց Սիրիայում գործող մի շարք հայկական կրթօջախների, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ Սիրիայում ստացիոնար բուժում ստացող սիրիահայությանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնում երկրաշարժից տուժածներին և հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանը, ամուր կանգնած է սիրիահայության կողքին:

Spread the love