ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ փետրվարի 10-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին:
Վահե Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել բրիտանական կողմին Հայաստանին աջակցելու պատրաստակամության համար: Նախարարը դեսպանին է ներկայացրել տնտեսական ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրներն ու մարտահրավերները:
ՀՀ ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Գալագերը շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նշելով, որ կարևորում է համագործակցության շարունակականության ապահովումը: Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը օտարերկրյա ներդրողների համար բարենպաստ, կանխատեսելի ու կայուն միջավայր ստեղծելու ուղղությամբ:
Անդրադառնալով ոլորտային համագործակցությանը` կողմերը խոսել են Հայաստանում ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորման հարցում Բրիտանիայի կառավարության շարունակական աջակցության, մասնավորապես բյուջետային գործընթացի բարելավման նպատակով փորձի փոխանակման կարևորության մասին:
Հանդիպման ընթացքում երկուստեք նախանշվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը։