ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ՏԵԱՐՆԸՆԴԱՌԱՋԸ

Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք՝
Տեառնընդառաջի տոնն այսօր մեծ շուքով նշվեց Արտաշատում: Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակը մարդաշատ էր՝ բոլորը հավաքվել էին մասնակիցը լինելու Արտաշատի համայնքապետարանի պատրաստած գեղեցիկ միջոցառմանը:
Համայնքի նորապսակ զույգերին շնորհավորելու էին եկել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, եկեղեցու բարերար Հովիկ Աբրահամյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցներ:
Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հանդիսապետությամբ կատարվեց Նորապսակների օրհնության կարգ։
Սրբազանը ուրախալի համարեց, որ Տեառնընդառաջի տոնը նշելը ամենամյա գեղեցիկ ավանդույթ է դարձել համայնքապետարանի կողմից և շնորհակալություն հայտնեց տեղական իշխանություններին՝ ազգային ու եկեղեցական տոները մեծ շուքով նշելու համար։
Այնուհետև ներկա 84 նորապսակ զույգերին շնորհավորեցին մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու համայնքապետ Կառլեն Մկրտչյանը՝ նրանց մաղթելով ընտանեկան ամուր և անխախտ երջանկություն, առողջություն, շատ բալիկներ, խաղաղ երկինք։
Մարզպետն ու համայնքապետը նաև սիրով նվերներ հանձնեցին նորաստեղծ ընտանիքներին:
Միջոցառումը շարունակվեց ուրախ երգ ու պարով և Տրնդեզի ծիսակատարություններով: Եկեղեցու բակում վառվեց ավանդական խարույկը՝ որպես երջանկության և առատության խորհրդանիշ։ Նորապսակ զույգերը, և ոչ միայն նրանք, թռան վառվող խարույկի վրայով՝ ի սրտե հավատալով, որ վառվող կրակն իր հետ կտանի չարն ու հիվանդությունները:
Spread the love