«Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանցում իրականացվող խուզարկությունները եւ առգրավումները անօրինական են. Արամազդ Կիվիրյան

«Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանցում իրավապահներն իրականացնում են խուզարկություններ եւ առգրավումներ, ինչն անօրինական է: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Զովք» ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

Արամազդ Կիվիրյանը հայտնեց, որ խուզարկությունները սկսվել են այսօր առավոտից եւ այժմ էլ շարունակվում են. «Գտնում ենք, որ կատարվող խուզարկությունները և առգրավումներն ապօրինի են: Ավելին, ապօրինի կերպով առգրավում են նաև աշխատակիցների անձնական հեռախոսները, ինչի իրավունքը նրանք չունեն»:

Արամազդ Կիվիրյանը հայտնեց, որ քննիչները խուզարկության ընթացքում անօրինական ձևով պահանջել են նաև անջատել խանութներում տեղադրված տեսանկարահանող սարքավորումները. «Այս բոլոր գործողություններն իրականացվում են միտումնավոր, ընկերության գործունեությանը խոչընդոտելու նպատակով»:

Փաստաբանը շեշտեց, որ քննիչների կողմից իրականացվող խուզարկությունները եւ առգրավումները խոչընդոտում են ընկերության գործունեությանը. «Ընդ որում, փաստացի առգրավվում են նաև այնպիսի սարքավորումներ, որոնք որևէ ձևով իրենց ֆիզիկական հատկանիշներով չեն պարունակում որևէ տեղեկատվություն, սակայն դրանց առգրավմամբ ընկերության գործունեությունը փաստացի կասեցվում է, ինչն արդեն իսկ խոսում է այն մասին, որ կատարվող գործողությունները ունեն ընկերության գործունեությունը խոչընդոտելու նպատակ: Ավելին, խուզարկությունների և առգրավումների ընթացքում իրականացվում են նաև այնպիսի գործողություններ, որոնց կատարման համար առկա չէ նույնիսկ դատարանի համապատասխան թույլտվությունը»:

Spread the love