Սպորտի բնագավառում միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի կիրառման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ ոլորտին ներկայացվող արդի պահանջներին համապատասխանելու հրամայականով պայմանավորված` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը փոփոխություններ է առաջարկում «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում:
Նախաձեռնությունը պայմանավորված է նաեւ Համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ին հասցեագրված գրությամբ, որում ներկայացված է պահանջ` իրականացնելու փոփոխություններ եւ լրացումներ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» 2001 թվականին ընդունված օրենքի` դոպինգի սահմանման եւ հակադոպինգային գործունեությանը վերաբերող հոդվածներում:
Դոպինգի նորմերին եւ կանոններին վերաբերող փոփոխությունների արդյունքում կկատարվեն Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված պարտադիր իրավանորմերին համապատասխանելուն ստանձնած ՀՀ պարտավորությունները:
Նախաձեռնության հեղինակ, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը քննարկվել է համապատասխան կառույցի հետ:
Զեկուցողն ընդգծել է, որ փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն մինչեւ ապրիլի 1-ը, որպեսզի այս տարի չորակազրկվի մեր մարզիկներից որեւէ մեկը:
Նախաձեռնությունը կարեւորել են թե’ պատգամավորները եւ թե’ հարակից զեկուցող, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 24-ի արտահերթ նիստում եւ ստացել է դրական եզրակացություն: