Երեկ երեկոյան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալվել են «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի մի խումբ աշակերտներ՝ ուսուցչուհու ուղեկցությամբ: Այս մասին հաղորդում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։
Նրանք խնդրել են նախագահին՝ իրենց հետաքրքրող հարցերի շրջանակներում տեղեկություններ եւ հետաքրքիր մանրամասներ ներկայացնել Արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ:
Աշակերտները տեղեկացրել են, որ իրենց դպրոցում Հայոց պատմություն առարկայի այս տարվա նախագծային աշխատանքի թեման Հայաստանի երրորդ Հանրապետության մարտահրավերներն են եւ այդ համատեքստում առանցքային նշանակություն ունեցող Արցախյան բանակցային գործընթացը, որի համակողմանի ուսումնասիրության նպատակով նախաձեռնել են հանդիպում նախագահ Սարգսյանի հետ:
Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը աշակերտներին սիրով նվիրել է Արցախյան հակամարտության վերաբերյալ օրերս լույս ընծայված՝ «Բանակցային առաջնագծում» գրքի առաջին օրինակները՝ հույս հայտնելով, որ այն եւս կօգնի ճիշտ պատկերացում կազմելու հակամարտության կարգավորման գործընթացի մասին:
Դպրոցի իր ավագ ընկերների հետ նախագահի զրույցին ներկա է եղել նաեւ կրտսեր Սերժը: