Սլավիկ Վարդանյանը երեկ՝ մարտի 1–ին, նռան այգում տրակտորով աշխատելիս է եղել, երբ ադրբեջանական դիրքերից կրակել են այգու ուղղությամբ։ Առաջին կրակոցի ժամանակ Սլավիկն ուշադրություն չի դարձրել, րոպեներ անց, սակայն, երբ հակառակորդը շարունակել է կրակել, նա ռուս խաղաղապահներին է տեղեկացրել, որից հետո գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։
«Երեկ այգում մենակ ես չէի աշխատում, էլի աշխատողներ կային, մի էքսկավատոր էլ էր աշխատում, էդ դեպքից հետո տեխնիկան դադարեց աշխատել, բայց մարդիկ շարունակեցին իրենց գործն անել։ Ռուսները գնացել էին պերեգովորի, հետո մեզ ասացին, որ էսօր տեխնիկան չաշխատեցնենք։ Ես վաղն էլ եմ գնալու աշխատեմ, ի՞նչ է՝ պետք է վախենամ ու չաշխատեմ։ Բա ո՞ր ես չաշխատեմ, իմ երեխեքին ո՞վ է պահելու։ Ես ոչ մի բանի կարիք չունեմ, ոչ մեկից օգնություն չեմ խնդրում, ինքս կաշխատեմ ու կվաստակեմ իմ եկամուտը։ Մենք կրակելուց չենք վախենում, վաղն էլ գնալու եմ ու գործս շարունակեմ»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սլավիկ Վարդանյանը։
Բերդաշենի ղեկավար Գեորգի Պողոսյանի խոսքով՝ 44–օրյա պատերազմից հետո առաջին դեպքն է, երբ հակառակորդը գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ կրակել է գյուղի վարչական տարածքի ուղղությամբ։
Ադրբեջանական դիրքերից Բերդաշենի ուղղությամբ կրակել են նաեւ փետրվարի 28–ին։ Այդ օրն էլ մեկ այլ տղամարդ էր «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում տրակտորով խաղողի այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարում, երբ հակառակորդը հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից սկսել էր կրակել եւ նա ստիպված դադարեցրել էր գյուղատնտեսական աշխատանքները:
Ադրբեջանը պատերազմին հաջորդող երկու տարում գյուղատնտեսական ակտիվ աշխատանքների շրջանում կրակում էր այգիներում, դաշտերում աշխատող տեխնիկայի ուղղությամբ։ Օրինակ՝ 2022 թվականի մարտի 19–ին, ադրբեջանական կրակոցների հետեւանքով վնասվել էր Նախիջեւանիկ գյուղում աշխատանքներ կատարող տրակտորը։ Նրանք նաեւ նամազ էին հնչեցնում։ Օրինակ, Խրամորթի ուղղությամբ նախ կրակում, հետո էլ նամազ էին միացնում, որ դաշտերում ու այգիներում աշխատող մարդիկ դադարեցնեն իրենց աշխատանքները։
Բերդաշեն համայնքի տարածքում այսօր կրակոցներ չեն արձակվել։ Համայնքի ղեկավար Գեորգի Պողոսյանն ասաց, որ հակառակորդի դիրքերը շատ մոտ են գյուղին, տեղ կա հեռավարությունը 50 մետր է։ Պողոսյանը պատմեց, որ առաջին օրը, երբ հակառակորդը կրակել է խաղողի այգու ուղղությամբ, այդ ժամանակ ռուս խաղաղապահներից ներկայացուցիչ չի եղել տարածքում։ Այդ միջադեպից հետո գյուղացիներն արդեն ռուս խաղաղապահների ներկայությամբ են շարունակել աշխատել, բայց անգամ նրանց ներկայությունը հակառակորդին չի զսպել։
«Ռուսներին ասել են, որ տեխնիկան հանեն ու չաշխատեն։ Սեզոնային աշխատանքի ակտիվ շրջանն է, պարզ է՝ նպատակը վախեցնելն է, որ չաշխատեն, բայց կարող եմ ասել՝ այնպես չի, որ աշխատանքներն ամբողջությամբ դադարեցված են, մարդիկ շարունակում են աշխատել։ Ինչքան էլ փորձեն խանգարել, մեկ է՝ աշխատելու են մարդիկ»,– ասաց Գեորգի Պողոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդը փետրվարի 28–ին եւ մարտի 1–ին, Բերդաշեն համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ կրակահերթեր է արձակելու տրակտորների ուղղությամբ, ինչի հետեւանքով դադարեցվել են աշխատանքները։