Ալեն Սիմոնյանը Բահրեյնում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի նախագահին

Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում Բահրեյնում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի նախագահ Օմ Բիրլայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում գործակցելու անհրաժեշտության առաջնահերթությունները:

Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացումն ու ամրապնդումը՝ որպես Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր ուղի:

Կողմերն արձանագրել են խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները՝ առանցքային օղակ դիտարկելով բարեկամական խմբերը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ սպասում է Հնդկաստանի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ստեղծմանը:

«Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ պաշտպանության, առեւտրի, տրանսպորտի եւ կապի, առողջապահության, գյուղատնտեսության, մշակույթի, գիտության եւ կրթության, տեղեկատվության եւ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը: Նա ընդգծել է, որ մի քանի հազար հնդիկ ուսանողների ներկայությունը Հայաստանում մեծապես նպաստում է երկրի մշակութային, էթնիկ եւ կրոնական բազմազանությանը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել Լաչինի միջանցքի փակման հետեւանքով առաջացած ճգնաժամին եւ դրա հանգուցալուծման անհրաժեշտությանը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ 2021 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը երեք անգամ խախտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ապօրինաբար ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք: Նա փաստել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը, այն է՝ ադրբեջանցի զինվորականները պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից:

Spread the love