Առաջարկվում է ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ, որտեղ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները կտեղադրեն իրենց կողմից կատարվող ծանուցումները, իրազեկումներն ու հաշվետվությունները, ինչի արդյունքում բոլոր սեփականատերերը հնարավորություն կունենան նշված կայքի միջոցով տեղեկանալ քննարկվող հարցերին եւ ըստ ցանկության` մասնակցել նշված որոշումների ընդունմանը, ծանոթանալ հաշվետվություններին: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Գործող կարգով բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը որոշում ընդունելու նպատակով շենքի սեփականատերերին ժողով անցկացնելու կամ իրազեկումների վերաբերյալ ուղարկում է ծանուցումներ: Կառավարման մարմինը ներկայացնում է նաեւ հաշվետվություններ աշխատանքների կատարման եւ ծախսված ֆինանսական միջոցների վերաբերյալ:
Ծանուցումներն ուղարկվում են փոստային ծառայության միջոցով, տրամադրվում են առձեռն կամ փակցվում շենքի տեսանելի վայրերում: Ծանուցումները, իրազեկումները եւ հաշվետվությունները նշված եղանակով ներկայացնելն արդյունավետ միջոց չէ, քանի որ հաճախ շենքի բաժնային սեփականատերերը չեն ստանում ծանուցումը տանը չլինելու կամ այլ պատճառով, իսկ տեսանելի վայրում փակցված ծանուցումները որոշ դեպքերում պատռվում են կամ փակցվելուց հետո սեղմ ժամկետում հեռացվում:
Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները: Կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ: Փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: