Թուրքիան եւ Ադրբեջանը ծրագրում են միասին գազ մատակարարել Եվրոպային

Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ հույս ունի եվրոպական երկրներին գազ մատակարարել ընդհանուր ընկերության միջոցով, հայտնել է երկրի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ադրբեջանը Թուրքիայում մեծ ներդրումներ ունեցող երկիր է։  Նրանց ազգային SOCAR ընկերությունը նույնպես Թուրքիայի խոշորագույն ներդրողներից մեկն է։ Այդ համագործակցությունը կսկսի իրականացվել նաեւ 3-րդ երկրում։ Կլինեն համագործակցության նոր տեսակներ։ BOTAŞ – ը եւ SOCAR-ը (Թուրքիայի եւ Ադրբեջանի պետական ընկերություններ) նոր ընկերություն են ստեղծել։ Մենք գազ ենք մատակարարելու Եվրոպա։ Մենք հայտարարել ենք, որ դառնալու ենք գազի առեւտրի կենտրոն։ Ադրբեջանը նույնպես աջակցում է դրան։ Բալկանյան երկրները մեզնից եւ Ադրբեջանից գազ են պահանջում։ Այդ հարցում մենք համատեղ ենք գործելու»,-ասել է Դոնմեզը CNN Türk-ին տված հարցազրույցում։

Եվրամիությունում էներգետիկ ճգնաժամը խորացել է 2022 թվականի հուլիսի սկզբին, երբ Ռուսաստանից ԵՄ մի շարք երկրներ գազի մատակարարումների հետ կապված առաջին խափանումները տեղի ունեցան, այդ թվում՝ կապված «Հյուսիսային հոսքի» համար տուրբինների տեխնիկական սպասարկման առնչությամբ խնդիրների հետ՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով։

Spread the love