Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի 2022 թ. կատարման ընթացքը եւ արդյունքները

Այսօր  խորհրդարանում տեի ունեցան արտահերթ  նիստ , որի ընթացքում   վարչապետ Փաշինյանը նշեց՝ անհրաժեշտ է անդրադառնալ ոչ միայն 2022 թվականին կատարված արդյունքներին եւ խնդիրներին, այլ նաեւ ապագայի այն նախագծին, որը ՀՀ կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին. ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի՝ ապրիլի 18-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի ներկայացման ժամանակ:

Ներկայացնելով զեկույցը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուզում եմ անդրադառնալ լավատեսությանը, քանի որ ապագայի որեւէ նախագիծ հնարավոր չէ իրականացնել առանց լավատեսության բավարար պաշարի: Փոթորկալից այս ժամանակներում կա՞ արդյոք ՀՀ-ում լավատեսության անհրաժեշտ պաշար՝ ապագայի մասին ոչ միայն խոսելու, ոչ միայն նախագծելու, այլեւ այդ ապագան նախագծելու եւ իրագործելու համար»,- ասել է վարչապետը: Նա վստահություն է հայտնել, որ, ի հեճուկս բոլոր բարդությունների եւ դժվարությունների,   ՀՀ-ում ապագայի մասին խոսելու, ապագան պլանավորելու եւ այդ ապագան կառուցելու անհրաժեշտ լավատեսություն կա, եւ ինքը  վստահ է դրանում:

«Հենց այսօր, հենց այս պահին ՀՀ-ում տեղի է ունենում շուրջ 55.000 բնակարանի կառուցման գործընթաց: Սա Հայաստանի Հանրապետության բնակարանային, երբեւէ ստեղծված ֆոնդի շուրջ 6 տոկոսն է, բազմաբնակարան շենքերում բնակելի ֆոնդի 12,2 տոկոսը: Երրորդ հանրապետության պատմության մեջ բնակարանաշինությունը երբեք այսպիսի ծավալներ չի ունեցել, եւ այսօր բնակարան են ձեռք բերում ոչ միայն ավանդաբար հարուստները, այլեւ միջին խավը, որը Կառավարության վարած տնտեսական քաղաքականության բերումով աշխատելու, արարելու եւ իր աշխատանքի արդյունքը տեսնելու հնարավորություն է ստացել»,- ասել է վարչապետը:

Խոսելով բնակարանաշինության ծավալների մասին՝ վարչապետը նկատել է, որ սահմանային անկայունության, ՀՀ անվտանգային խոցելիության, աշխարհակարգի փլուզման պայմաններում Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ բնակարան են ձեռք բերում, հազարավոր ներդրողներ բնակարան են կառուցում: «Ի՞նչ է նշանակում քաղաքացիների այս վարքագիծը: Իմ գնահատմամբ դա նշանակում է եւ կարող է նշանակել միայն մեկ բան՝ մարդիկ հավատացել են Կառավարության խաղաղության օրակարգին, մարդիկ հավատում են, որ խաղաղություն լինելու է, եւ իրենք իրենց հայրենիքում երջանիկ ապրելու եւ արարելու հնարավորություն են ունենալու, այլապես իմաստ չէր ունենա բնակարան ձեռք բերել, առավել եւս՝ բնակարան կառուցել: Մարդիկ հավատում են կառավարող մեծամասնության՝ «Ապագա կա» կարգախոսին»,- ասել է վարչապետը:

Խոսելով խաղաղության մասին՝ վարչապետն ասել է՝ քանի որ Վրաստանի եւ Իրանի հետ Հայաստանը ոչ թե հարաբերությունների կարգավորման, այլ դրանք առավել խորացնելու խնդիր ունի, ապա խաղաղություն նշանակում է կարգավորված հարաբերություններ ունենալ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ:

Իսկ թե որքանով է դա իրատեսական եւ իրագործելի, Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ այս հարցը երկու երես ունի: «Առաջինը՝ քանի որ խաղաղությունը միայնակ չեն կառուցում, որքանո՞վ Ադրբեջանի գործողություններն ու քաղաքականությունը կլինեն խաղաղությանը միտված: Երկրորդը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, եթե քաղաքական, դիվանագիտական մակարդակում ձեռք բերվեն փոխզիջումներ, ապա դրանք որքանո՞վ ընդունելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար, եւ քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը: Բայց սա նույնպես մեր պատասխանատվությունն է: Եվ մենք պետք է մեր մտքերի ու գործողությունների ընթացքը հասկանալի դարձնենք Հայաստանի քաղաքացիներին: Եվ երբ նրանք դա հասկանան, նաեւ կընդունեն»,- ասել է վարչապետը:

Ըստ նրա՝ շատ ուժերի առանցքային նպատակն է, որ իշխանությունը կորցնի քաղաքացիների հետ զրույցի, խոսակցության թելը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ դա չպետք է թույլ տալ: «Եվ երբ տուն առ տուն, գյուղ առ գյուղ, թաղամաս առ թաղամաս, քաղաք առ քաղաք մարդկանց բացատրենք, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում մեր երկրի շուրջ, նրանք մեզ կհասկանան: Նրանք մեզ հասկանում են, հակառակ դեպքում մենք այստեղ չէինք լինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն իրենց ուժի ամենամեծ թերությունն ու ամենամեծ առավելությունը համարել է այն, որ իրենք ամենեւին էլ «իշխող, կառավարող էլիտա» չեն, իրենք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացիներ են, որոնք կառավարելու մանդատ են ստացել ժողովրդից:

Շարունակելով խաղաղության վերաբերյալ թեման՝ վարչապետն ընդգծել է. «Խաղաղությունը հնարավոր է, եթե մենք մեր բոլոր միջազգային հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլ նաեւ ապագայի համար հստակ արձանագրենք, որ ՀՀ ենք ճանաչում 29.800 քառ. կմ տարածքը, ավելի կոնկրետ` Հայկական ԽՍՀ տարածքը, որում մենք 1991 թվականին անկախություն ենք ստացել: Եվ մենք որեւէ այլ երկրից որեւէ տարածքային պահանջ ոչ միայն չունենք, այլեւ չենք ունենալու երբեւէ»:

Ըստ վարչապետի՝ եթե այդ միտքը չարձանագրենք եւ այն չդարձնենք հանրության սոցիալ-հոգեբանություն, ոչ ոք թույլ չի տալու Հայաստանին զարգանալ, քանի որ ոչ ոք չի համակերպվի այն մտքի հետ, որ Հայաստանը զարգանում, ուժեղանում է:

Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:

Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորները հետաքրքրվել են Կառավարության ծրագրով ԼՂ հակամարտության կարգավորման տեսլականով, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ, ԼՂ կարգավիճակով, մարզերի համաչափ զարգացման համատեքստում շինարարության աճի տեմպերով նաեւ մարզերում, տնտեսության զարգացման վրա արտաքին գործոնների ունեցած ազդեցությամբ, սոցիալական ծրագրերի իրականացմամբ եւ այլն: Վարչապետը խոսել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման, բնակարանաշինության ոլորտի խնդիրների, գույքահարկի վճարման մեխանիզմների, արտաքին ու ներքին մի շարք մարտահրավերների մասին:

Վարչապետն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին մինչ Մադրիդյան սկզբունքներն ու դրանից հետո: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր դիրքորոշումներն արտահայտել է դեռեւս 2019 թվականից՝ ասելով՝ ԼՂ հարցի բանակցողը պետք է լինի ԼՂ ժողովրդի ներկայացուցիչը, քանի որ ԼՂ ժողովուրդը չի քվեարկել ՀՀ խորհրդարանական ընտրություններում: «Ես լեգիտիմ մանդատ չունեմ ներկայացնելու դա, եւ այդ դիրքորոշումները շարունակաբար արտահայտվել են»,- ասել է գործադիրի ղեկավարն ու հավելել՝ մինչեւ ԼՂ-ի այսօրվա կարգավիճակը չարձանագրվի, ապագա կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող:

«ԼՂ ապագայի շահառուն ԼՂ ժողովուրդն է: Իրենց պետք է հնարավորություն տրվի, որ խոսեն իրենց օրակարգի մասին: Այո’, մենք պետք է ասենք անվտանգությունը եւ իրավունքները, եւ այդ խոսակցությունների ընթացքում պետք է որոշվի` ո՞ր իրավունքի, անվտանգության ի՞նչ երաշխիքների մասին է խոսքը: Մեր դիրքորոշումները երբեք գաղտնի չենք պահել ԼՂ մեր գործընկերներից, հանրությունից»,- ասել է ՀՀ վարչապետը:

Անվտանգային համակարգն ամրապնդելու եւ բանակի հզորացման ուղղությամբ իրականացվող քայլերից խոսելով՝ Նիկոլ Փաշինյանն այս ոլորտում անդրադարձել է արհեստավարժությանը, սոցիալական երաշխիքներին, կառավարման մոդելի ու սպառազինության խնդիրներին:

«Հինգերորդ շարասյան» քաղաքական ասպեկտներին անդրադառնալով՝ ՀՀ վարչապետը նշել է՝ պետական դավաճանության գործերով անցնում է ավելի քան 53 անձ:

Հայաստան-Սփյուռք կապերին վերաբերող հարցին ի պատասխան` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին 30-40 տարիների ընթացքում Սփյուռքը բովանդակային եւ կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվել: Վարչապետը կարծիք է հայտնել, որ ՀՀ-Սփյուռք հարաբերությունների անկյունաքարը պետք է լինի ՀՀ պետական շահը:

Spread the love