Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել են Ատլանտյան խորհրդի ուղեղային կենտրոնում Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ համատեղ կազմակերպված պանելային քննարկմանը, որին մասնակցել են նաեւ Ատլանտյան խորհրդի եվրասիական կենտրոնի գլխավոր տնօրեն Ջոն Հերբսթը, Միջազգային հանրապետական ինստիտուտի նախագահ Դանիել Թվինինգը, Եվրասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ստեփան Նիքսը, ինչպես նաեւ միջազգային հանրապետական ինստիտուտի այլ ներկայացուցիչներ:
Պատվիրակությունը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում հանդիպել է Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի ղեկավար եւ ավագ մասնագետ Յուջին Ռումերի եւ նույն ծրագրի ավագ մասնագետ Փոլ Սթրոնսկիի հետ:
ՀՀ պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը, ուշադրություն հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման եւ պարբերաբար կրկնվող սադրիչ գործողություններին:
Քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության գործընթացն ու առկա տարածաշրջանային մարտահրավերները: