ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի (USCIRF) 2022 թվականի դավանանքի ազատության մասին զեկույցը։ Մասնավորապես, զեկույցում Ադրբեջանը ներառված է հատուկ վերահսկողության տակ գտնվող երկրների ցանկում։
2022 թվականին Ադրբեջանում կրոնական ազատության վիճակը բացասական դինամիկա է ունեցել։ Կառավարությունը շարունակել է զգալի վերահսկողություն իրականացնել կրոնական գործիչների նկատմամբ՝ շարունակելով հետապնդել եւ կալանավորել նրանց։
Նշվում է, որ անցած տարեվերջին Ադրբեջանում կրոնական համոզմունքների համար բանտարկվել է 19 մարդ։ Տեղական իրավապաշտպան կազմակերպությունները նաեւ ասում են, որ կառավարությունը «շարունակել է ֆիզիկական բռնություն կիրառել, կալանավորել եւ բանտարկել կրոնական ակտիվիստներին, եւ որ կրոնական ակտիվիստների ձերբակալություններից շատերը, այդ թվում՝ թմրանյութեր պահելու մեղադրանքով, քաղաքական բնույթ են կրել»:
Զեկույցում նշվում է նաեւ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում, հայկական հոգեւոր ժառանգության ոչնչացման մասին։ «Միջազգային մարմինները եւ այլ կազմակերպությունները շարունակում են կասկածի տակ դնել Ադրբեջանի կառավարության պատրաստակամությունը՝ պաշտպանելու եւ պահպանելու կրոնական եւ մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հարակից տարածքներում։
Փետրվարին այն ժամանակվա մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարեց եկեղեցիներից «կեղծ» հայ առաքելական արձանագրությունները հեռացնելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Ըստ երեւույթին, միջազգային վրդովմունքից հետո, կառավարությունը հրաժարվեց այդ ծրագրից եւ մարտին Եվրախորհրդարանը դատապարտեց Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում եւ նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման եւ ժխտման շարունակական քաղաքականությունը։
USCIRF-ն առաջարկում է ԱՄՆ կառավարությանը «ֆինանսավորում տրամադրել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը եւ Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ վերականգնելու, պահպանելու եւ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում պաշտամունքի վայրերը եւ այլ կրոնական կամ մշակութային վայրերը»: