Արցախի խորհրդարանն այսօր՝ մայիսի 22-ին գումարում է արտահերթ նիստ հրատապ հարցերի օրակարգով:
«Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի մայիսի 22-ին` ժամը 23:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ հարցերի օրակարգով»,- ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ուղիղ տեքստով հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում:
«Այո, Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ն ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը: 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը ՀՀ-ն պատրաստ է ճանաչել եւ մեր ընկալմամբ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի 29 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը: Եթե ճիշտ ենք հասկանում այս հարցում Ադրբեջանի հետ իրար, ՀՀ-ն այո, ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 քառակուսի կմ տարածքը»,- ասել էր նա: