«Երբ առաջնահերթությունը զարգացումն է՝ պետք է ռիսկի դիմել»

Հարցազրույց` «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի անդամ, Աուդիտի և ռիսկերի կոմիտեի նախագահ Արիել Սերջիո Դավիդոֆֆի հետ:

 

-Պարոն Դավիդոֆֆ Հայաստանը փոքր երկիր է, որի բանկային ոլորտը բավականին մրցակցային է, միևնույն ժամանակ՝ զգայուն արտաքին ռիսկերի նկատմամբ: Ձեր կարծիքով, որն է նշված երկու գործոնների ազդեցության պայմաններում բանկային համակարգում կայունություն պահպանելու բանաձևը:  

-Այո, բանկային շուկան փոքր է, բայց շատ մրցակցային:

Ռիսկերը Հայաստանի նման երկրների համար ազդեցիկ են, քանի որ ներկրող երկիր է, արտարժութային հոսքերը շատ են, գնաճային ռիսկերը՝ մեծ:

Պետք է ասել, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից կարգավորումն ու վերահսկողությունը մեծ դեր ունեն համակարգի կայունության պահպանման մեջ. համակարգն առաջնորդվում է Բազելյան կոմիտեի սահմանված միջազգային նորմատիվներով:

Այսօր աշխարհում փուլ առ փուլ ներդրվում են Բազելյան նոր ստանդարտներ, որով խստագույն պահանջներ են ներկայացվում բանկային համակարգի նկատմամբ և դրանցից անմանս չի կարող մնալ նաև Հայաստանը: Մի կողմից սա ապահովում է բանկային համակարգի հուսալիությունը, որովհետև նորմատիվները խիստ են, մյուս կողմից՝ բերում է բարձր տոկոսների, բանկային համակարգի արդյունավետության նվազման: Սակայն, ինչպես ասում են, հուսալիության համար պետք է վճարել:

Վերջին մեկ տարվա ընթացքում՝ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հայկական բանկային համակարգը հայտնվել է խաչմերուկում. դա բերում է լրացուցիչ մուտքերի և այս ժամանակահատվածի համար ապահովում է բանկերի ֆինանսական կայունությունը:

Այս պահին Հայաստանի բանկային համակարգը, թերևս, տնտեսության ամենակայուն և հուսալի ոլորտներից մեկն է, որտեղ զգալի կապիտալ է մուտք գործել:

 

-Հետաքրքիր է, իսկ հուսալիությունը որքանով է առաջնային գործոն՝ թե΄ կյանքի տարբեր դրվագներում որոշում կայացնելիս, թե΄ տնտեսվարողների գործունեությունը համակարգելիս:

-Հարցին կարելի է երկակի նայել: Եթե որոշում կայացնողները պահպանողական մարդիկ են, և առաջնահերթությունը ոչինչ չկորցնելն է՝ այո, հուսալիությունն առաջնային գործոն է: Սակայն, երբ առաջնահերթությունը զարգացումն է, պետք է ռիսկի գնալ:

«Ռիսկի գիտակցված ընդունումը ենթադրում է բացարձակ թափանցիկություն և փաստերի օբյեկտիվ գնահատում, հստակ սահմանված պատասխանատվության շրջանակ կառավարման ներքին ողջ շղթայում, և դա կհանգեցնի համագործակցության համար առավել բաց, ճկուն և հաջողակ կազմակերպություն ունենալուն», – սա է ռիսկի մշակույթը, որը ըստ պրն Դավիդոֆֆի, պետք է շարունակվի ներդրվել Բանկում:  

 

-Այսօր բանկերը գնում են թվայնացման ուղղությամբ, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ նույնպես,  գտնվելով փոփոխությունների փուլում, իրականացնում է այդ գործընթացը՝ շեշտադրում կատարելով նորարարական տեխնոլոգիաների և թվային պրոդուկտների ոլորտին: Գործառնական ռիսկերի արդյունավետ կառավարման մասով ի՞նչ տեսակետներ ունեք: 

-Գործառնական ռիսկերի արդյունավետ կառավարումը սկսվում է ներքին կառուցվածքից: Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակեցնի այն ռիսկերը, որոնց բախվում է աշխատանքի ընթացքում, այդ ռիսկերը չեզոքացնելու կամ գրագետ և արդյունավետ մեթոդների օգնությամբ և կիրառմամբ շրջանցելու նպատակով:  Ռիսկերի արդյունավետ կառավարման գործում կարևոր է յուրաքանչյուրի պատասխանատու աշխատանքը:

-«Ժամանակն է, որ ռիսկերի կառավարիչները վերանայեն ռիսկերի ավանդական գնահատումը և դադարեն դիտարկել ռիսկերի կառավարումը՝ որպես ամսական, եռամսյակային կամ նույնիսկ տարեկան գործողություն՝ միտված ռիսկերի ռեեստրի թարմացմանը», – նշում է Դավիդոֆֆը՝ հատկանշելով, որ ռիսկերի կառավարիչները պետք է կենտրոնանան բիզնեսին հավելյալ արժեք փոխանցելու վրա՝ ինտեգրելով ռիսկերի քանակական վերլուծությունն ամենօրյա որոշումների կայացման գործընթացում:

 

-Այս առումով հատկապես թիրախային է ՏՏ ստորաբաժանման համակարգված աշխատանքը, վերջինիս համագործակցությունը հատկապես այն ստորաբաժանումների հետ, որոնք պատասխանատու են հաճախորդների պրոֆեսիոնալ և անվտանգ սպասարկման համար:

Իսկապես, մենք շեշտադրում ենք կատարում նորարարական տեխնոլոգիաների և թվային լուծումների վրա. Բանկի ղեկավարությունը, բիզնես պրոցեսներն ավելի արագ և նվազագույն գործառնական ռիսկ կրելու նպատակով, խիստ կարևորում է առկա տեխնոլոգիաների անընդհատ թարմացումն ու նորերի ներդրումը: Այս ամենն, իհարկե, իրականացվում է` բոլոր ռիսկերը հաշվի առնելով: Ճիշտ եզրահանգումներ անելու համար մենք փորձում ենք գնահատել թվայնացման գործընթացները նաև հաճախորդի աչքերով:

 

-Արդյոք հնարավո՞ր է ավտոմատացմամբ միայն ռիսկերի արդյունավետ կառավարումը: Միթե մարդկային միջամտության կարիքը չի լինելու:

-Մարդիկ միշտ են պետք… Մարդիկ կատարելագործելու են թվային միջավայրը մեր իսկ ապահովության և անվտանգության համար: Նրանք շարունակելու են աշխատել՝ ուղղակի այլ ձևաչափով և այլ գործառույթներով:

 «Պետք է զարգացնել «մեղավորներ չփնտրելու» մշակույթը»,  – այս թեզի կիրարկումը Դավիդոֆֆը հնարավոր է համարում  գործընկերների հետ ակտիվ համագործակցության, մշտապես հասանելի լինելու և առաջացող ռիսկերի ու ներքին վերահսկողության ոլորտում առկա թերությունների մասին տեղեկացնելու պարագայում, ընդ որում՝ «մեղավորներ չփնտրելու» մշակույթի խրախուսումը և դրա վերաբերյալ Բանկի ներսում իրազեկումը շատ կարևոր է այնպիսի միջավայրի ստեղծման համար, որտեղ աշխատակիցներն իրենց անկաշկանդ կզգան ռիսկերին առնչվող խնդիրները քննարկելու տեսանկյունից:   

 

-Հայ հասարակության մի մասի վարքագիծը պահպանողական է: Որքանո՞վ են մարդիկ պատրաստ ֆինանսական նորարարություններին և ինչպե՞ս եք գնահատում այդ նորարարությունների ռիսկը:

-Կարծում եմ, ոչ միայն հայերն են այդպիսին. բոլոր մարդիկ են փոփոխությունների նկատմամբ զգայուն:

Ես կարծում եմ, որ այսօր հնարավոր է թվային գործիքներն ու դրանց գործառույթները հարմարեցնել մարդկանց համար ընդունված և սովորական վարքագծին։ Նման գործիքների օգտագործումը պետք է հնարավոր լինի առանց ուղեցույցեր ուսումնասիրելու, դա պետք է լինի ինտուիտիվ:

Նոր սերունդը, իմ խորին համոզմամբ, արդեն իսկ լիարժեք ներգրավված է նորարարություններում, իսկ դժվարացողների համար անհրաժեշտ է ֆինանսական կրթության, հատուկ խորհրդատվության միջոցով սահուն անցում ապահովել, որպեսզի «խաղից դուրս չմնան»:

Ճշմարտությունն այն է, որևէ մեկը չպետք է ներդրումներ կատարի՝ նախքան հետևանքներն ամբողջապես ընկալելը:

Ամբողջ աշխարհը գնում է ֆինանսական համակարգի թվայնացման, գործառույթների և դրանց  մեխանիզմների արդիականացման ուղիով: Դա թույլ է տալու ավելի արագ և արդյունավետ սպասարկել հաճախորդներին՝ ընդլայնելով մատուցվող ծառայությունների հնարավորությունները, ավելի լավ և առանց խոչընդոտների բավարարելով վերջիններիս պահանջները:

 

Spread the love