Իսրայելի բանակի շտաբի պետ Հերցլ Հալեւին երեքշաբթի օրը հայտարարել է, որ «հորիզոնում կան բացասական իրադարձություններ, որոնք կարող են հանգեցնել Իրանի դեմ գործողությունների», հայտնում է Haaretz-ը:
Իսրայելի Ռայխմանի համալսարանում Հերցլիի կոնֆերանսում ելույթ ունենալով՝ Հալեւին անդրադարձել է նաեւ «Հեզբոլլահի» թեմային, որը նա անվանել է «Իրանի ամենաուժեղ ներկայացուցչությունը» տարածաշրջանում: ««Հեզբոլլահը» կարծում է, որ հասկանում է մեզ, եւ դա նրան խիզախություն է տալիս՝ մարտահրավեր նետելու մեզ։ Հյուսիսում հակամարտությունը դժվար կլինի, բայց մենք կիմանանք՝ ինչպես պայքարել»,-ասել է նա։
«Տարածաշրջանային առումով Իրանը մասնակցում է մեր շուրջը կատարվող բոլոր գործերին․ յուրաքանչյուր թշնամի, որին մենք բախվում ենք, այս կամ այն կերպ կրում է իրանական ձեռքի հետքը։ Մենք հնարավորություն ունենք հարվածելու Իրանին։ Մենք անմասն չենք մնում»,-հավելել է նա։