Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցը

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Համլետի Դանիելյանի, Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի եւ Արսեն Սերժիկի Նիկողոսյանի թեկնածությունները: Խորհրդարանը մայիսի 24-ին քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցը:

Վճռաբեկ դատարանի դատավորի երեք թեկնածուներին ներկայացրել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանը:

24 տարվա մասնագիտական եւ 20 տարվա դատավորի ստաժ ունեցող թեկնածու Արմեն Դանիելյանը 2003 թվականից առայսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է:

Արմեն Դանիելյանի կենսագրությունը՝ այստեղ:

«Ցանկանում եմ՝ կոռուպցիոն դրսեւորումները մեր հասարակությունում հնարավորինս վերանան, կանխվեն: Կոռուպցիայի դեմ պայքարը ցանկացած ժողովրդավարական հասարակության առանցքային խնդիրներից է»,- ասել է Արմեն Դանիելյանը՝ նշելով, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում արդարադատություն իրականացնելիս հնարավորինս ձգտել է պաշտպանել, պահպանել եւ ամրապնդել դատական իշխանության հեղինակությունը, փորձել է իր համեստ մասնակցությունն ու ներդրումն ունենալ դատավորի օրինակելի կերպարի ձեւավորման գործում:

38 տարվա մասնագիտական եւ 31 տարվա դատավորի ստաժ ունեցող թեկնածու Ելիզավետա Դանիելյանը ներկայում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր է: Զբաղվում է գիտական, մանկավարժական գործունեությամբ, 2004 թվականից դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում, 2015 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանում դատական իշխանության զարգացման տեսական եւ մեթոդաբանական հիմնախնդիրները» թեմայով:

Ելիզավետա Դանիելյանի կենսագրությունը՝ այստեղ:

«ՀՀ-ի առջեւ ծառացած մարտահրավերներից եւ առաջնային լուծումներ պահանջող հարցերից է արդարադատության հաստատումը հասարակությունում: Ցանկացած ժողովրդավարական հասարակությունում իրավական ինստիտուտների կայացման ամբողջ ընթացքում առաջ են գալիս բազմաթիվ խնդիրներ եւ մարտահրավերներ, որոնց հաղթահարումը եւ լուծումը դատական իշխանության հիմնական նպատակներից մեկն է: Դրանց շարքում առաջնայիններից է կոռուպցիայի դեմ պայքարն իր բոլոր դրսեւորումներով»,- ասել է Ելիզավետա Դանիելյանը՝ հակիրճ ներկայացնելով շարժառիթներն ու մտահոգությունները, որոնցով ղեկավարվելով՝ առաջադրել է իր թեկնածությունը: Նրա խոսքով Հայաստանն անկախացումից հետո տարիների ընթացքում դատական իշխանությունը ստեղծման, կայացման եւ զարգացման բարդ ու երկարատեւ ուղի է անցել. վերջին շրջանում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումների արդյունքում ստեղծվել է  մասնագիտական հակակոռուպցիոն դատարանն իր ատյանային ներկայացվածությամբ:

20 տարվա մասնագիտական եւ 6 տարվա դատավորի ստաժ ունեցող Արսեն Նիկողոսյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է: Ներկայում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է: Զբաղվում է գիտական, մանկավարժական գործունեությամբ, դասախոսում է ԵՊՀ-ի Քաղաքացիական դատավարության ամբիոնում եւ մի շարք այլ կրթական հաստատություններում:

Արսեն Նիկողոսյանի կենսագրությունը՝ այստեղ:

«Իրավական պետությունն իսկապես չունի այլընտրանք»,- ասել է թեկնածուն՝ կարեւորելով իրավական պետություն ստեղծելուն, դատական իշխանության եւ հասարակության մերձեցմանն ուղղված քայլերը եւ աշխատելու պատրաստակամություն հայտնել իր ունեցած գիտելիքներով ու փորձով:

Թեկնածուները, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել են մասնագիտական հարցերի, դատական համակարգի սերնդափոխությանը:

Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո միջադեպ է տեղի ունեցել:

Նիստում տեղի ունեցած միջադեպին, նախկինում իրականացվող «հեռախոսային» արդարադատությանը, դատական բարեփոխումներին եւ այլ հարցերին է անդրադարձել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արտահերթ ելույթը՝ այստեղ:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը քաղաքական իշխանության, խմբակցության եւ իր անունից հաստատակամ զորակցություն եւ աջակցություն է հայտնել դատական իշխանության բոլոր այն ներկայացուցիչներին, որոնք պայքարում են Հայաստանում արդարադատության հաստատման եւ հաղթանակի համար: Նա նշել է, որ այն, ինչ կատարվել է խորհրդարանի դահլիճում, դատական իշխանության նկատմամբ ճնշման հերթական ակնհայտ եւ եղկելի դրսեւորում էր:

Նրա կարծիքով դատական իշխանության ներկայացուցիչներին խորհրդարանի ընտրությամբ, հրապարակային, ուղիղ եթերով քննարկումներով ընտրելը լրացուցիչ հնարավորություն եւ պարտավորություն է ինչպես դատական իշխանության, այնպես էլ պատգամավորների համար: «Մենք ճանաչում եւ ճանաչելի ենք դարձնում դատական իշխանությունը մեր ժողովրդի համար»,- ասել է Հայկ Կոնջորյանը՝ հավելելով, որ նման քննարկումները փայլուն հնարավորություն են կապ հաստատելու ժողովրդի եւ դատական իշխանության միջեւ:

Եզրափակիչ ելույթներում դատավորի թեկնածուներն ընդգծել են դատավորների կողմից իրականացվող բարդ աշխատանքի կարեւորությունն ու պատասխանատվությունը:

Spread the love