Քննարկվել է ՏԿԵ նախարարության 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն ունի օրենքով հաստատված 22 ծրագիր, 2022 թվականին փաստացի իրականացվել է 24-ը, 129 միջոցառումից փաստացի իրականացվել է հավելյալ 6-ը. ճշտված պլանի նկատմամբ նախարարության տոկոսային կատարողականը կազմել է շուրջ 95 տոկոս. ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Տնտեսական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` մայիսի 30-ի համատեղ նիստում քննարկվել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը:

Ըստ հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի` տրանսպորտային ոլորտին նախորդ տարի հատկացվել է 92,5 մլրդ դրամ. 3 խոշոր ծրագրեր են եղել` 29 միջոցառումով: Ամենամեծ բլոկը տրանսպորտային ոլորտում ճանապարհաշինությունն է, որտեղ ճշտված բյուջեն 90,4 մլրդ է եղել եւ իրացվել է 83 մլրդ կամ 92 տոկոս: Իրականացվել է 531 կմ ճանապարհի կառուցում, վերանորոգում, հիմնանորոգումներ կամ միջին նորոգումներ:

Անդրադառնալով երկաթուղային ցանցի զարգացման ծրագրերին` նա նշել է, որ արձանագրվել է ուղեւորաշրջանառության եւ բեռնաշրջանառության աճ: Խոսելով ավիացիայի ոլորտի մասին` հիմնական զեկուցողը նշել է, որ նախորդ տարի հաջողություններ են գրանցվել: Հայաստանում գրանցված արդեն 7 հայկական ընկերություն կա, իսկ ուղեւորափոխադրումների մեջ ավելանում է հայկական ընկերությունների մասնաբաժինը: «Զվարթնոց» օդանավակայանն աշխատում է բավականին ծանրաբեռնված:

«Մեր որդեգրած քաղաքականությունն էներգետիկայի ոլորտում շարունակում է մնալ հետեւյալը` ունենալ սեփական կարիքների համար բավարար էներգետիկ ռեսուրսներ ու արտադրող կայաններ եւ շարունակել այդ արտադրությունն այնպես, որ դառնանք արտահանող երկիր»,- ասել է Գնել Սանոսյանը` հավելելով, որ նախորդ տարի Հայաստանը ցուցաբերել է արտահանման լավ ցուցանիշներ, ինչին նպաստել է նաեւ էներգետիկ շուկայի ազատականացումը: Էներգետիկ ոլորտի կատարողականը հաշվետու տարում եղել է 98,4 տոկոս:

Նախորդ տարի մեկ պատուհանի կիրառմամբ նախարարությունը 66 ընդերքօգտագործման իրավունք է տրամադրել, որոնցից 35-ը` արդյունահանման, իսկ մնացածը` երկրաբանական ուսումնասիրությունների համար: Տրվել է արտահանման 8 լիցենզիա, 956 գրավոր նախազգուշացում է տրվել նախանշված իրավական կամ շահագործման հետ կապված կարգավորումները չպահպանելու համար:

Գնել Սանոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ  Բաբկեն Թունյանը, նշելով, որ «Շիրակի» օդանավակայանում թերբեռնվածություն է, հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ուղեւորահոսքի ծանրաբեռնվածությունը մասամբ Գյումրու օդանավակայան տեղափոխելու համար: «2021 թվականին «Շիրակի» օդանավակայանի թռիչքուղին ամբողջապես հիմնանորոգվել է, բարելավվում են ենթակառուցվածքները, փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որպեսզի բարձրաձայնված հարցերին լուծում տրվի»,- նշել է Գնել Սանոսյանը:

Spread the love