Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանեց Մոլդովա:
«Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ պատվիրակության կազմում են նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Նիկոլ Փաշինյանը Մոլդովայում հունիսի 1-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Նա նախորդ տարի եւս մասնակցել էր Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին: Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է նաեւ հնգակողմ հանդիպում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ:
Այցի ընթացքում վարչապետը հանդիպումներ կունենա նաեւ Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի, Լատվիայի վարչապետ Կրիշտյանիս Կարինշի, Անդորրայի կառավարության ղեկավար Խավիեր Էսպոտ Զամորայի հետ։ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաեւ Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։