Առեւտրաշրջանառությունը Հայաստանում 2023 թ. առաջին հինգ ամսում նախորդ տարվա համեմատ աճել է մոտ երկու անգամ. Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյան

Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի, ներդրումների ծավալների մեծացմամբ տնտեսական ինտեգրման զարգացման, ներդրումային գրավչության բարձրացմանը եւ երրորդ երկրների հետ միության առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը: Ընկերության կանոնադրության մեջ առկա են ընկերության համահիմնադիր հանդիսացող Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը: Կառավարության հեղինակած ««Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը  քննարկվել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 12-ի նիստում:

Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2022 թվականի հոկտեմբերի 20-ին Երեւանում, մշակվել է բազմակողմ միջազգային պայմանագրերի ձեւաչափով, որով կարգավորվում են ընկերության ստեղծման եւ գործունեության հարցերը: Ընկերությունը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվում է ԵԱՏՄ փոխադարձ եւ արտաքին առեւտրի խթանման, համատեղ կոոպերացիոն նախագծերի եւ ներդրումների իրագործման նպատակով:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը խնդրել է պարզաբանել «Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթները»:

«Առեւտրաշրջանառությունը ՀՀ եւ ԵԱՏՄ երկրների միջեւ կտրուկ աճում է: 2023 թվականի առաջին հինգ ամսում նախորդ տարվա համեմատ աճել է մոտ երկու անգամ: Մեզ անհրաժեշտ է նոր գործիքակազմ` ԵԱՏՄ երկրներ ապրանքներ արտահանելու համար: Միջազգային վերաապահովագրական ընկերությունները չեն աշխատում ԵԱՏՄ երկրների հետ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ունենալ վերաապահովագրական ընկերություն ԵԱՏՄ շրջանակում»: Ի պատասխան Վաղարշակ Հակոբյանի հարցին, թե որքան կկազմի հավելյալ բեռը պետական բյուջեի վրա` Նարեկ Տերյանը նշել է, որ կապիտալի ներդրումը կազմում է 450 մլն ՌԴ ռուբլի: Նա հավելել է, որ արտահանման ծավալների կտրուկ աճով է պայմանավորված նախագծի հրատապությունը:

Նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության եզրակացության մեջ նշվում է, որ համաձայնագիրը պարունակում է ՀՀ օրենսդրության տեսանկյունից մի շարք խնդրահարույց նորմեր, որոնց մասին մանրամասն ներկայացրել է ՀՀ ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը:

Ըստ նրա` «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը թեեւ պարունակում է ՀՀ օրենքներին հակասող նորմեր, սակայն չի պարունակում օրենքի փոփոխություն կամ օրենքի ընդունում նախատեսող նորմեր: Համաձայնագրով ընկերության եւ ընկերության անդամների համար սահմանված են մի շարք արտոնություններ եւ անձեռնմխելիություններ, որոնք խնդրահարույց են մեր օրենսդրության տեսանկյունից: Համաձայնագրի որոշ դրույթներ հակասում են նաեւ Հարկային օրենսգրքի մի շարք դրույթներին:

Անահիտ Աբրահամյանը նշել է, որ համաձայնագիրը կարող է վավերացվել, սակայն ընկերությունը չի օգտվելու համապատասխան արտոնություններից: Նա հավելել է, որ համաձայնագիրը քննարկվել է Արդարադատության նախարարության հետ եւ բոլոր առաջարկություններն ընդունել է Էկոնոմիկայի նախարարությունը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Spread the love