Ազգային ժողովը հունիսի 13-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի եւ հունիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերը:
ԱԺ որոշմամբ որոշ հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը:
Նախաձեռնության ընդունմամբ ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպություններն իրենց կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի եւ շարժի վերաբերյալ հաշվետվությունը կներկայացնեն էլեկտրոնային եղանակով, ինչն առավել վերահսկելի կդառնա լիազոր մարմնի կողմից իրականացվող հսկողության ընթացքում:
Դավիթ Համբարյանը նաեւ հայտնել է, որ «Նյութական պահուստի մասին» օրենքի համաձայն նյութական պահուստի օրենսդրության, այդ թվում՝ պահանջների պահպանման նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակում վերահսկողություն են իրականացնելու համապատասխան ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինները: Տեսչական մարմինները համապատասխան ստուգումների հիման վրա հարուցված վարչական վարույթների արդյունքում պարտավոր են լինելու կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը Դավիթ Համբարյանից հետաքրքրվել է՝ արդյոք ֆիզիկական վերահսկողություն իրականացվո՞ւմ է ռազմավարական նշանակության պաշարների նկատմամբ, ստուգվո՞ւմ են դրանց քանակը, պիտանելիության ժամկետները:
Դավիթ Համբարյանը պարզաբանել է, որ համապատասխան գրասենյակի կողմից պարբերաբար ստուգումներ իրականացվում են: Փաթեթով նաեւ հստակեցվում են այն մեխանիզմները, որոնք նաեւ տեսչական մարմինների հետ համատեղ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների դեպքում կունենան հստակ պատասխանատվություն՝ իրենց հետեւանքներով:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել: