«Ոստիկանության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկվել է հունիսի 13-ին ԱԺ նիստում:
Հիմնական զեկուցող ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով նախագծով առաջարկվում է համայնքային ոստիկանության շրջանակում իրականացնել փոփոխություններ, որոնք կօժանդակեն այս ծառայությունն ավելի արդյունավետ իրականացնելուն:
Նախարարի տեղակալը նշել է, որ ոստիկանության բարեփոխություններով նախատեսվում է ունենալ չորս հենասյունային ուղղություններ` քրեական ոստիկանությունը, պարեկային ծառայությունը, ոստիկանական գվարդիան եւ համայնքային ոստիկանությունը:
Կառավարությունն առաջարկում է հայեցակարգային փոփոխություններ իրականացնել համայնքային ոստիկանության բնագավառում, որպիսի այն առաջնային օղակը, որը տեղեկացված է համայնքներում իրականացվող միջոցառումներին կամ իրավիճակներին, կարողանա արդյունավետ արձագանքել եւ ապահովել փոխգործակցություն ոստիկանության մյուս ուղղությունների հետ:
Արփինե Սարգսյանի տեղեկացրել է, որ տարածքներում համայնքային ոստիկանությունը կլինի ավելի համապարփակ` կզբաղվի նաեւ անչափահասների եւ ընտանեկան բռնության դեպքերի հարցերով: Նրա խոսքով առաջարկվում է նաեւ, որ համայնքային ոստիկաններն իրականացնեն ոչ մեծ եւ միջին ծանրության օպերատիվ հետախուզական աշխատանք:
Անդրադառնալով փոփոխություններին` փոխնախարարը կարեւորել է բռնության ենթարկված երեխաների պաշտպանությանը միտված օրենսդրական կառուցակարգեր նախատեսելուն: Օրենսդրական փաթեթում ընդգրկված է նաեւ «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում նախատեսող նախագիծը, որով առաջարկվում է Կառավարության կողմից սահմանել բռնության ենթարկված երեխայի պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, տրամադրվող աջակցության ձեւերը եւ տրամադրման կարգը:
Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում նաեւ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում: «Սրանք այն փոքր օրենսդրական նախադրյալներն են, որոնք կօժանդակեն հետագայում ենթաօրենսդրական դաշտում ավելի ընդգրկուն անդրադառնալ համայնքային ոստիկանության աշխատանքին եւ ապահովվել ամբողջ ֆունկցիոնալ բազայի տրամադրումը համայնքային ոստիկանությանը»,- նշել է Արփինե Սարգսյանը: Նա տեղեկացրել է, որ բացի օրենսդրական փոփոխություններից կիրականացվեն վերապատրաստումներ ամբողջ անձնակազմի համար:
Փոխնախարարը կարեւորել է հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկները եւ ասել, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում դրանք կքննարկվեն:
Հարակից զեկուցող ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ համայնքային ոստիկանության համակարգը Հայաստանում ներդրվել է 2012 թվականին, սակայն պատշաճ չի գործարկվել օրենսդրական բացերի պատճառով: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովը ներկայացրել է առաջարկներ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում:
«Պետք է ստեղծել այնպիսի օրենսդրական հիմքեր, որ համայնքային ոստիկանությունը լիարժեք կիրարկվի մեր երկրում»,- ասել է պատգամավորը:
Նա առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին: