Ադրբեջանն առնվազն 10 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինչպես նշել է Բայրամովը, «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և հումանիտար աղետի, մեծ վտանգ է ներկայացնում Եվրոպայում խաղաղության և անվտանգության համար։ Այդ կապակցությամբ ընդգծվել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս այս ճգնաժամի շուտափույթ լուծման օգտին՝ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում»։
«Ադրբեջանը նախատեսում է շարունակել իր ներդրումն ունենալ Ուկրաինան վերականգնելու և վերակառուցելու ջանքերում, մասնավորապես՝ ուղարկելով էլեկտրասարքավորումներ և Իրպին քաղաքում իրականացնելով վերակառուցման ծրագրեր։ Այս օգնության ընդհանուր գումարը կկազմի առնվազն 10 մլն դոլար»,- ասել է Բայրամովը։
Այնուհետև, Բայրամովը, սովորության համաձայն, Հայաստանին մեղադրել է «ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ չտրամադրելու մեջ»։ Վերադառնալով քննարկման թեմային՝ ադրբեջանցի նախարարն ասել է, որ Ադրբեջանը մտադիր է Ուկրաինային ականազերծման սարքավորումներ տրամադրել։